Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի հուշաքարերը տեղադրվեցին «Զորավար Անդրանիկ» թանգարանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԶորավար Անդրանիկ Օզանյանի անվան թանգարանում տեղադրվեցին Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի հուշաքարերը։
Միջոցառմանը մասնակցում են Արցախյան ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո), Կարո Կարապետյանը (Մորուք Կարո), նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, «Նորք-Մարաշի զինված խմբի» ղեկավար Արթուր Վարդանյանը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Վազգեն Սիսլյանը, Պավել Մանուկյանը, ազատամարտիկ Գրիշա Սարգսյանը, ազատամարտիկներ և այլք։
Հուշաքարերը նախատեսված էին տեղադրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, սակայն, ինչպես իր ելույթում ասաց միջոցառման կազմակերպիչներից՝ «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը, համաձայնության չգալով պանթեոնի գլխավոր ճարտարապետի հետ՝ կոթողները տեղադրեցին թանգարանում։
Նրա փոխանցմամբ՝ հուշաքարերի վրայի նախշերն ընդունելի չեն եղել «Եռաբլուր»-ի ճարտարապետի համար։
Այնուհետև հուշաքարերի հեղինակ, քանդակագործ Արտիկ Քոչարյանը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր նախշը։
Արևմտյան Հայաստանի այն վայրից, որտեղ թաղված է եղել Աղբյուր Սերոբի գլուխը, հող էր բերվել ու պետք է խառնվեր Սոսե Մայրիկի գերեզմանի հողին «Եռաբլուր»-ում, եթե հուշաքարերը տեղադրվեին «Եռաբլուրում»։