Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«4 գիշերօթիկ հաստատությունների 260 երեխայից 130-ը վերադարձել է ընտանիք» (տեսանյութ)

Գիշերօթիկ հաստատություններում և մանկատներում երեխաների գտնվելու հիմնական պատճառը ընտանիքի վատ սոցիալ-տնտեսական վիճակն ու հաշմանդամության հանգամանքն են, նշում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  Ժաննա Անդրեասյանը։

Նրա հավաստմամբ՝ նախարարության ներքո գործող 6 մանկատներում երեխաների շուրջ 70 տոկոսը ունի հաշմանդամություն։ Սա, ըստ նրա, ցույց է տալիս, որ անհրաժեշտ  է զարգացնել այն ծառայությունները, որոնք հնարավորություն կտան երեխաներին ապրելու իրենց ընտանիքներում և միաժամանակ բարելավելու կյանքի որակը։

«Մենք ցանկանում ենք տալ այնպիսի աջակցություն, որ ընտանիքը կարողանա ինքնուրույն լուծի խնդիրները և ոչ թե մշտապես կախված լինի նպաստների համակարգում պասսիվ աջակցությունից։ Ընտանիքների հետ աշխատանքի սխեման ուղղված է նրան, որ կարողանանք ձևավորել կայուն եկամտի աղբյուրներ, բարելավենք հարաբերությունները՝ ստեղծելով առողջ միջավայր, որպեսզի երեխան լինի պաշտպանված և անվտանգ»։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ 4 գիշերօթիկ հաստատությունների 260 երեխաներից հոկտեմբերի 24-ի դրությամբ 130-ը վերադարձել է ընտանիք։

«Դիլիջանի գիշերօթիկ հաստատությունում 134 երեխա ունենք, Գյումրիի թիվ 1 և թիվ 2-ում՝  46 և 50, իսկ Բյուրեղավանում որևէ երեխա խնամք չի ստանում, այստեղ երեխաների թիվը 32-ն էր, և բոլորը վերադարձել են ընտանիքներ։ Շատ դեպքերում ընտանիքների խնդիրն այն է,  որ երեխան դպրոցից հետո գնալու տեղ ունենա։ Հնարավորություն ունենա սնվելու, օգնեն նրան դասապատրաստման հարցում, կարողանա հաճախել խմբակների։ Պետության պարտավորությունն է օգնել երեխային և ընտանիքին։ Եվ կարիք չկա երեխային հանել ընտանիքից և պահել հաստատությունում»։

Նա նաև տեղեկացրեց, որ 260 երեխաների սեպտեմբերին ընդառաջ տրամադրվել են գրենական պիտույքներ, պարագաներ։ Նոյեմբերից ձմեռային հագուստ կտրամադրվի։ 

Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ կառավարության որոշմամբ նախատեսված է, որ  դեկտեմբերից չեն գործելու Գյումրիի թիվ 1, Դիլիջանի, Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունները, իսկ Գյումրիի թիվ 2 գիշերօթիկը կշարունակի գործել մինչև 2020 թվականի հունիսի 25-ը։