Եվրոպայի լիգա. «Ռոման» վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը, իսկ «Արսենալը» կորզեց այն
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան 3-րդ տուրի հանդիպումները:
Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, ընդ որում հյուրերը փրկարար գոլը խփեցին 90+4 րոպեին, 11մ հարվածով: Մեր ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը:
Հայ ֆուտբոլիստներին քաջածանոթ «Վուլվերհեմփթոնը», որը որակավորման 3-րդ փուլում Երևանի «Փյունիկի» մրցակիցն էր, հյուրընկալվելիս 10 խաղացողով 2:1 հաշվով առավելության հասավ Սլովակիայի «Սլովանի» նկատմամբ և տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը: Իսկ ահա «Արարատ-Արմենիայի» նախկին մրցակիցը՝ Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը», Իսպանիայում 0:3 հաշվով պարտվեց «Սևիլյային» և երկրորդ խաղում անընդմեջ չկարողացավ միավոր վաստակել:
Ինչ վերաբերում է անակնկալներին, ապա դա նախևառաջ հունգարական «Ֆերենցվարոշի» արտագնա հաղթանակն է Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ 1:0: Ըստ բուքմեյքերների, անսպասելի էր նաև իսպանական «Խետաֆեի» կրած տնային պարտությունը շվեյցարական «Բազելից»՝ 0:1:
Երեք տուրից հետո առայժմ 100 տոկոսանոց արդյունք ունեն «Սևիլյան» ու Լոնդոնի «Արսենալը»: Հանրիխ Մխիթարյանի նախկին թիմն այս տուրում սեփական դաշտում 3:2 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Գիմարայնշին»: Անգլիացիներին հաղթանակ է բերել փոխարինման մտած Պեպեի խաղավերջում հեղինակած դուբլը, ընդ որում հաղթական գնդակը իվուարցի հարձակվողը խփել է 90+3-րդ րոպեին:
Հավելենք, որ այս տուրում գրանցվեց ընդամենը երկու խոշոր հաշիվ: «Սևիլյայից» բացի խոշոր հաղթանակ տոնեց նաև հոլանդական «ԱԶ Ալկմարը», որը սեփական դաշտում 6 անպատասխան գոլ խփեց Ղազախստանի չեմպիոն «Աստանային»:
Եվրոպայի լիգայի հաջորդ՝ 4-րդ տուրը, տեղի կունենա նոյեմբերի 7-ին: