Արսեն Բաբայանը կալանավորվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հրապարակվեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության իրավաչափության և քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։ Նիստը փակ էր։ Դատարանի որոշմամբ՝ Արսեն Բաբայանը կկալանավորվի։
Ըստ փաստաբանի՝ կալանքը որպես խափանման միջոց ընդհանրապես չի կարող կիրառվել մի շարք հանգամանքներով, և քանի որ ընդհանրապես մեղադրանքն անհիմն է, դատարանը պետք է ֆիքսեր, որ հիմնավոր կասկած առկա չէ։
«Հիմքերից չեմ ուզում խոսել, որովհետև ավելորդ է հիմքերից նույնիսկ խոսել։ Բայց նկատի ունենալով, որ մենք հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, հասկանում ենք, որ այս պրոցեսներում բնականաբար դատավորը չէր կարող անկախ լինել, չեմ կարծում, որ այս դատավորը կարող էր անկախ գործել։ Նաև այլընտրանքային խափանման միջոցի միջնորդություն էր արվել, որ գոնե դատարանը փորձի այսկերպ ազատության մեջ թողնել Արսեն Բաբայանին»,- ընդգծեց փաստաբանը։
Լուսինե Սահակյանն ասաց, որ Ա․ Բաբայանը ներկա է եղել նիստին։ Փաստաբանը հույս չունի, որ «Վերաքննիչ դատարանում թույլ կտան համակարգչին գործը «մակագրել» այն դատավորին, որ կարող է օրինական որոշում կայացնել», ուստի նաև կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։