Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Կապանի մի շարք բնակավայրերում

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«ՀՀ Վարչապետի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության մասնագետները, ըստ անհրաժեշտության, ստուգումներ են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում:

Պարզվել է, որ 2014թ.-ին Սյունիք գյուղում տեսչական ստուգման արդյունքում կազմված ակտում արձանագրվել է, որ վարձակալության պայմանագրի համաձայն ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում գործում է հասարակական նշանակության օբյեկտ (գիշերային ակումբ), որը գործում է մինչ օրս: Ավելին, Կապան համայնքի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ նշված հասցեում զվարճանքի կենտրոնի բացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրության և վաճառքի թույլտվության վերաբերյալ:

2014թ. Սյունիք գյուղում մեկ այլ տեսչական ստուգման արդյունքում կազմված ակտում կրկին արձանագրվել է, որ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության վարելահողում գործում է ավտոմեքենաների վերանորոգման կետ, որը կրկին գործում է մինչ օրս:
Սյունիք գյուղում գտնվող ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասում՝ առանց նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են արտադրական նշանակության շինություններ (գոմեր):
Քաղաքացու սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասում առանց նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ տեղադրվել է արտադրական նշանակության տեխնիկա (կոպճա-խճաղաց): Մեկ այլ քաղաքացու սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղարտադրական, ջրային նշանակության, գյուղատնտեսական նշանակության այլ և արոտավայր հողամասերում առանց նպատակային նշանակության փոփոխության ինքնակամ կառուցվել է հանգստի գոտի:
Սյունիք գյուղում գտնվող էներգետիկայի,տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողամասում՝ առանց նպատակային նշանակության փոփոխության, ինքնակամ կառուցվել է բնակելի նշանակության կառույց:

Նորաշենիկ գյուղում գտնվող քաղաքացու սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասում՝ առանց նպատակային նշանակության փոփոխության. ինքնակամ կառուցվել է սննդի օբյեկտ:

Կապան քաղաքում ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նշանակության հողամասերում առանց գործառնական նշանակության փոփոխության գործում է հյուրանոց:
Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում Կապան համայնքի ղեկավարի կողմից հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել: Արդյունքում խախտվել են ՀՀ մի շարք օրենքների և կառավարության որոշումների պահանջներ:

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացված որոշմամբ, ՀՀ Սյունիքի մարզպետին միջնորդություն է ներկայացվել՝ նշված խախտումների համար համայնքի համապատասխան պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ»: