Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակոբ Արշակյան
A A
Հասարակություն

Գյուղական համայնքներում պրովայդերնեըը կարող են խնդիր ունենալ, որը մեր շահերից չի բխում․ նախարար (տեսանյութ)

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ դրված որոշման նախագծին, ասաց, որ ցանկանում է հասկանալ այդ նախագծի նպատակահարմարությունը։

Նշենք, որ եթե այդ նախագիծն ընդունվի, ապա կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ, որոնք հնարավորություն կտան իրավապահ մարմիններին անհրաժեշտության դեպքում պարզել, թե որ կայքերն է այցելել բաժանորդը, ինչ սարքավորում է օգտագործում նա ինտերնետ ծառայություններից օգտվելու համար, ինչպես նաև բաժանորդի կողմից էլ փոստով հաղորդած նամակների օրը, ժամը և հասցեն։

Այդ բոլոր տեղեկությունները ինտերնետ պրովայդերները պարտավոր են պահպանել երկու տարվա ընթացքում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ անձնական տվյալները այլ օրենքներով կարգավորվում են։ Ըստ նրա՝ իրավական առումով որևէ փոփոխություն տեղի չի ունենում։

«Այստեղ ուրիշ խնդիր կա, փոքր օպերատորների վրա հավելյալ դրամային բեռի ավելացումն է, որովհետև 2 տարի այդպիսի տվյալներ պահպանելու համար համապատասխան սարքավորումներով պետք է վերազինվեն, և գյուղական համայնքներում այս պրովայդերները կարող են խնդիր ունենալ, որը մեր շահերից չի բխում, փոքր և միջին բիզնեսի զարգացման և ինտերնետի տարածման տեսանկյունից»,- պարզաբանեց Հակոբ Արշակյանը։