Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0241_1
A A
Հասարակություն

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում (տեսանյութ)

«Արաբկիր» բժշկական համալիրում այսօր տեղի է ունեցել «Լյարդի փոխպատվաստման կազմակերպում» թեմայով հայ-բելառուսական սիմպոզիումը, որին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, Մինսկի «Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և հեմատոլոգիայի գիտապրակտիկ կենտրոնի» տնօրեն Օլեգ Ռումմոն: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ կարող ենք փաստել, որ հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում: Սա մեր երկու երկրի` Հայաստանի և Բելառուսի, բարեհաջող և բեղմնավոր համագործակցության ապացույցն է»,- ասել է Լենա Նանուշյանը սիմպոզիումի բացման խոսքում:

Հայ-բելառուսական սիմպոզիումի ժամանակ մասնագետները քննարկել են օրգանների փոխպատվաստման կազմակերպման հարցերը, մեծահասակների և երեխաների լյարդի փոխպատվաստման խնդիրները, նախա և հետվիրահատական վարման մոտեցումները:  

Նշենք, որ Բելառուսի գործըներկների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս հունվարին` Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի Մինսկում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ: Եվ երեկ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է կենդանի դոնորի լյարդի ձախ բլթի փոխպատվաստում` երեխային: Հայ-բելառուսական համագործակցության ծրագրի շրջանակներում մինչ օրս բելառուսական մասնագետների կողմից իրականցվել է 5 պացիենտի լյարդի փոխպատվաստում Մինսկում ու 11 հայ մասնագետի վերապատրաստում Մինսկում:

Նման բարդ վիրահատությունների կատարումը խոսում է Հայաստանի բժշկության և բժշկագիտության զարգացման մասին:

Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին: 

Նշենք, որ այս առթիվ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրառում արել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

« Երեկ առաջին անգամ Հայաստանում Արաբկիր ԲԿ-ում մեր բելառուս գործընկերների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Հիշեցնեմ, որ այս տարի նաև առաջին լյարդի փոխպատվաստումն էր կատարվել մեծահասակին Աստղիկ ԲԿ-ում մեր ռուսաստանի գործընկերների հետ:

Նման բարդ վիրահատությունների կատարումը Հայաստանում խոսում է մեր բժշկության և բժշկագիտության զարգացման մասին:

Բելառուս գործըներկների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին ես պայմանավորվել էի Բելառուսի առողջապահության նախարարի հետ այս տարվա հունվար ամսին Մինսկ կատարած իմ պաշտոնական այցելության ժամանակ, որին հետևել էր լայնածավալ վերապատրաստման ծրագիր 11 հայ մասնագետների համար Մինսկում:

Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին: Առողջություն եմ մաղթում նրանց»,- գրել է նա։