Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Մշակույթ

Ինչ է սպասվում գեր կամ նիհար դերասաններին (տեսանյութ)

Թատրոնն առնչվում է շուկայի կանոններին և ուզենք, թե չուզենք պետք է հաշվի նստենք այս իրողության հետ, ասում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որն  այսօր լրագրողների հետ իր առաջին հանդիպումն ունեցավ։ Խոսելով նախարարության նոր ծրագրերի մասին, նա մասնավորապես նշեց, որ այսուհետ նախընտրելու են  կատարյալ մարմին ունեցող ունիվերսալ դերասաններին, եթե ցանկանում են համապատասխանել միջազգային թատերական և կինոարտադրության պահանջներին։

«Ա1+»-ի հարցին, թե այդ դեպքում ինչ է սպասվում գեր, կամ նիհար, սակայն շնորհալի կամ տաղանդ ունեցող դերասաններին, պարոն Խզմալյանը պատասխանեց․

 «Ամեն ինչ արևի տակ իր տեղն ունի։ Ես չեմ ասում, որ մարմնի թերություն ունեցողներին գնդակահարելու ենք կամ աշխատանքից հեռացնելու՝ ամենևին։ Բայց կա մի տենդենց, եթե հետևենք միջազգային թատերական լավագույն նախագծերին, ներկայացումներին, այսօր առաջատար ռեժիսորներն ընդգրկում են բալետի պարողներին, աննախադեպ հետաքրքրություն կա կատարյալ մարմնի հանդեպ, ունիվերսալ մարմնի հանդեպ, նույնիսկ ասում են, որ սա անտիկ, հեթանոսական մարմնի պաշտամունքն է 21-րդ դարում»։

Նախարարի տեղակալի խոսքով, եթե մենք ցանկանում ենք ընդգրկվել միջազգային թատերական շուկայում, ապա պետք է հասկանանք, որ բնութագրական դերասանի հանդեպ չի կարող լինել այն հետաքրքրությունը, ինչ ունիվերսալ դերասանի։

«Ձեր ասած խարակտերային դերասաններն իրենք ավելի պահանջարկ ունեն հոգեբանական թատրոնում, որն այսօր ապրում է իր մայրամուտը, կամ փոխակերպվում»։