Բացել լրահոսը Փակել լրահոսը
taron
A A
Քաղաքականություն

Հանրությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանի ազատությանը. Տարոն Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի դիտարկմամբ՝ հանրությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանի ազատությունը  այլ պատժատեսակով փոխանակելուն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը: «Կարծում եմ, որ հասարակական արձագանքը բացասական է»,- ասաց նա:

Տարոն Սիմոնյանի համոզմամբ՝ հասարակությունում ընկալումներ կան, որ Հոկտեմբերի 27-ի գործը ամբողջությամբ բացահայտված չէ և կան անձինք, որոնք գործի իրական մեղավորներն են, բայց անազատության մեջ չեն գտնվում:

«Ես էլ մասնակիորեն կարող եմ ասել, որ ինձ մոտ էլ կան կասկածներ, որոնք ամբողջությամբ չեն փարատվել: Հույս ունեմ, որ ինչպես «Մարտի 1-ի գործն» է քննարկման առարկա դարձել, այնպես էլ Հոկտեմբերի 27-ը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որ հասարակության մոտ որևէ կասկած չլինի: Իհարկե, ես նաև կողմ չեմ, որ անընդհատ հետ դառնանք անցյալի խնդիրները փորփրենք, բայց այն խնդիրները, որոնք մեր պետության զարգացման գործում էականորեն շեղումներ են ապահովել, գոնե այս խնդիրներին պետք է վերջնական պատասխան տրվի»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը:

Նշենք, որ «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել: