Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անդրանիկ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Նաիրի Հունանյանը 20 տարի ուշացել է. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

«Նաիրի Հունանյանը կարող է իրավական ընթացակարգով դիմել այս խնդրի լուծման համար, բայց նա 20 տարի ուշացել է և հիմա, եթե նա ունի այդպիսի ցանկություն և ունի ինֆորմացիա, որն էապես հնարավորություն կտա ՀՀ-ին իմանալու վերջապես հոկտմբերի 27-ին ի՞նչ է տեղի ունեցել և որևէ մեկը չի հավատացել, որ դա «ուչաստկովի» գործ էր:

«Ռոբերտ Քոչարյանը պատահական չհնչեցրեց «ուչաստկովի» մակարդակը, խոսելով այն մասին, որ դրա հետևում որևէ լուրջ ուժ՝ թե՛ քաղաքական, թե՛ արտաքին, չի կարող լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտագության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի դիմումին՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հետ կապված:

Անդրանիկ Քոչարյանն այս 20 տարիների ընթացքում երբևէ չի տեսակցել Նաիրի Հունանյանին և ցանկություն չունի էլ նրան տեսնելու: «Բայց, եթե Նաիրի Հունանյանը պատրաստ լինի մինչև հիմա հասարակությանը անհայտ ինչ-որ դրվագներ ներկայացնել նախաքննական մարմին, այդ ժամանակ, բնականաբար, ես, իմ հնարավորությամբ և բոլոր նրանք, ովքեր այն ժամանակ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ձևավորված իշխանության մեջ դերակատարում են ունեցել, կփորձենք հնարավորություն տալ հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտումը դարձնել իրականություն»,- ասաց նա:

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը 1999թ. եղել է ՀՀ վարչապետի խորհդական պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով: Հարցին, թե հնարավոր է, որ Նաիրի Հունանյանի այս քայլը ազդա՞կ լինի, որ նոր ասելիք ունի, Անդրանիկ Քոչարյանը բացասական պատասխան տվեց և հավելեց.

«Դա կարող է այլ ազդակ լինել, երևի իրեն այլ մարդիկ հույս են տվել, որ դու կարող ես հնարավորություն ունենալ ազատության մեջ գտնվելու, բայց դա հաստատ իշխանությունների հետ կապ չունի»,- շեշտեց նա:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ ժամանակին քաղաքական և ոչ քաղաքական շրջանակներ կային, որոնք իրենց վախերից ելնելով ամեն ինչ անում էին, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտումը կամ տեղի չունենար, կամ տեղի ունենար իրենց ձևաչափով:

«Նկատելի էր, որ նման վախեր ունեին այն ժամանակվա իշխանության համար մեկ իշխանավորը՝ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով: Եթե հիշում եք, այդ թիմի անդամներից կասկածյալներ կային, և Ալիկ Հարությունյանը գտնվում էր կալանքում: Քաղաքական պրոցեսներն այնպես ընթացան հոկտեմբերի 27-ի բացահայտման առումով, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որ բացահայտումը տեղի չունենա, ավելին՝ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ձևավորված իշխանությունը շատ կարճ կյանք ունեցավ»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը: