Բացել լրահոսը Փակել լրահոսը
լիլիթ մակունց
A A
Քաղաքականություն

Որևէ քաղաքական դրդապատճառ բացառում եմ. Մակունցը՝ Հրայր Թովմասյանի ընտանիքին ԱԱԾ հրավիրելու մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բացառում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքին ԱԱԾ հրավիրելը քաղաքական որևէ դրդապատճառ ունի: Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Հույս ունեմ, որ իրավապահ մարմինները գործում են այն լիազորությունների շրջանակում, որով նրանք պետք է իրականացնեն, և հույս եմ հայտնում, որ իրավական փաստերի հիմնավորումների հիման վրա են ներգրավում կողմերը հարցաքննության։ Բացառում եմ որևէ քաղաքական դրդապատճառ»,- նշեց նա:

Լիլիթ Մակունցի դիտարկմամբ՝ ՍԴ-ն խորացրել է դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը:

«ՍԴ-ն, ըստ էության, պատասխան չի տվել ԱԺ-ի կողմից ներկայացված այն մտահոգություններին, հարցադրումներին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին: Այսինքն՝ առկախված են մնացել այն բոլոր հարցադրումները, մտահոգությունները, խնդիրները, որոնք արծարծված են եղել նախագծում»,-նկատեց Լիլիթ Մակունցը և հավելեց, որ Սահմանադրական դատարանի կողմից խորհրդարանի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն արձագանք կստանա:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն հոկտեմբերի 14-ին որոշում էր կայացրել մերժել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը վարույթ ընդունելը:

Լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցին նաև վարչապետի գաղտնի հանձնարարականի վերաբերյալ, ըստ որի՝ էականորեն բարձրացվել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Լիլիթ Մակունցն ասաց, որ մանրամասներին չի տիրապետում, գործադիրի հետ քննարկում այդ թեմայով չի ունեցել: