Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Սթենլի Քլարք, Լարս Դանիելսոն և այլ հռչակավոր արտիստներ. կմեկնարկի Yerevan Jazz Fest 2019-ը

Ջազի իսկական տոն՝ մայրաքաղաքում և Երևանի սահմաններից դուրս: Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշնը» հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը կանցկացնեն ամենամյա միջազգային ջազ փառատոն Yerevan Jazz Fest 2019-ը: 

Փառատոնի շրջանակում կիրականացվեն ինքնատիպ համերգներ՝ բացառիկ արտիստների մասնակցությամբ: 

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00 Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով կտրվի Yerevan Jazz Fest 2019-ի մեկնարկը: Սթենլի Քլարքի հետ Հայաստան է ժամանում նրա դաշնակահարը՝ Չիկ Կորեայի աշակերտ Բեկա Գոչիաշվիլին:  

Այնուհետև հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում ինքնատիպ համերգային երեկո կներկայացնեն շվեդ աշխարհահռչակ բասիստ 

Լարս Դանիելսոնը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, նույնպես հանդես կգա ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում: Նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում: 

Նոյեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կկայանա Վահագն Հայրապետյան և ընկերներ խմբի համերգը, որի ընթացքում կներկայացվի նաև ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը: 

Yerevan Jazz Fest 2019-ը կուղևորվի նաև Գյումրի: Նոյեմբերի 3-ին Հայաթում համերգով հանդես կգան Վահագն Հայրապետյանն ու Ջոն Մարշալը՝ տեղի ունկնդրին ներկայացնելով ջազային ինքնատիպ գործեր: