Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հավաքվել են ԱԱԾ շենքի մոտ՝ ի աջակցություն Հրայր Թովմասյանի (լրացված) (տեսանյութ)

«Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կազմակերպության անդամ Էլինար Վարդանյանը, «Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն, ի աջակցություն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ են։

ԱԱԾ շենքի մոտ են նաև քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը, ՀՅԴ գործիչ Արծվիկ Մինասյանը, քաղաքագետ Մենուա Հարությունյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և այլոք։ 

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Հրայր Թովմասյանի երկու դուստրերն այժմ ԱԱԾ շենքում են։ Ըստ նրա՝  նրանցից մեկն արդեն հարցաքննվել է։ 

Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա կատարվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, սա ցույց է տալիս, որ «Փաշինյանի «Ժողովուրդն իմ ընտանիքն է» խոսքն ուղղակի քարոզչական բնույթ է կրում»։

ԱԱԾ շենքի մոտ եկավ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները համեմատեց 1930-ական թվականների բոլշևիկյան բռնաճնշումների հետ։

«Սահմանադրական դատարանը միակ կառույցն է, որ չի պարում Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ», - ընդգծեց ՀՀԿ խոսնակը։ 

Քիչ առաջ ԱԱԾ շենքից դուրս եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Նա նշեց՝ այստեղ էր եկել՝ ինչ-որ նախագծեր պատրաստելու շրջանակներում։ 

Ավելի ուշ Հրայր Թովմասյանի դուստրերից մեկը դուրս եկավ ԱԱԾ-ից։  Նրան մեքենայով ուղեկցեցին տուն։ Մի փոքր անց դուրս եկավ նաեւ Թովմասյանի մյուս դուստրը։

Ռուբեն Մելիքյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Թովմասյանի հոր ինքնազգացողությունը չի վատացել և հարցաքննվելուց հետո գնացել է տուն։  

Տեսանյութը՝ News.am-ի