Բացել լրահոսը Փակել լրահոսը
73143542_378709706342870_1538194227270254592_n
A A
Հասարակություն

Ժաննա Ալեքսանյանն անթույլատրելի է համարում, որ ԱԱԾ-ն այցելել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տուն (տեսանյութ)

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը անթույլատրելի է համարում, որ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ այցելել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ 75–ամյա Վարդան Թովմասյանի՝ Դարակերտ գյուղում գտնվող տուն։

«Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ իրավապաշտպանը այդ գործողությունը որակեց որպես ճնշում։

«Իրավապահ մարմինները դեռ ամբողջովին չեն վերափոխվել, աշխատում են նույն ոճով, ինչ որ աշխատում էին նախորդ իշխանության ժամանակ։ Եթե նույնիսկ ցուցում են ստացել… գոյություն ունի ծանուցագիր, մշակված կանոնակարգ, որով պետք է առաջնորդվեն իրավապահ մարմինները։ Ես դա գնահատում եմ որպես ճնշում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

ԱԱԾ-ի այս գործողությունն, ըստ իրապաշտպանի, կասկածի տակ է դնում ծանրակշիռ ապացույցների առկայությունը։ Հարցին, թե կարելի՞ է հետևություն անել, որ իշխանությունը բավարար ապացույցներ չունի և նման ձևով է քայլ անում, իրավաշտպանն ասաց, որ այդ գործելաոճից կարելի է նման բան ենթադրել։

«Սա թափթփված, փնթի և ոչ օրինական աշխատանք է, որից կարելի է այդպիսի տպավորություն ստեղծել»,- ասաց նա։ Ժաննա Ալեքսանյանը տեղին է համարում, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա, ըստ որի՝ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: Իրավապաշտպանը չշտապեց հստակ կարծիք հայտնել, որովհետև հիմքերի մասին տեղյակ չէ։

Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։

«Կարծում եմ, որ ի վերջո Հրայր Թովմասյանը հեռանալու է այդ պաշտոնից, բայց հայտարարում է, որ մինչև վերջ մնալու է, արժեր, որ նա արժանապատվորեն հեռանար։ Քանի որ այս գործընթացը սկսվել է իր դեմ, ինքը հիմա կարող է հրաժարական տալ, բայց ինքը հակադրվել է։ Նա պետք է գիտակցի, որ անօրինական ճանապարհով է դարձել ՍԴ նախագահ նախորդ իշխանության ժամանակ։ Այս մթնոլորտ շիկացնել բոլորովին չարժեր»,- ընդգծեց նա։