Բացել լրահոսը Փակել լրահոսը
22
A A
Հասարակություն

«Բոլոր սահմաններն անցան»․ Ավետիք Իշխանյանը՝ Հրայր Թովմասյանի դեպքի մասին (տեսանյութ)

Մի շարք փորձագետներ, իրավաբաններ և իրավապաշտպաններ անդրադարձան Հայաստանում ստեղծված իրավական ներկա վիճակին, մարտահրավերներին և հնարավոր լուծումներին։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» և «Իմ Ձայնը» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկում է ընթանում։

«Այլընտրանքային նախագծերի խումբ» ՀԿ անդամ, փաստաբան Էլինար Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում սկսվել են իրավական ռեպրեսիաներ և որպես օրինակ նշեց Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրավիճակը։

«Ընդդեմ իրավական կամայականություների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը նախ ընթերցեց Մարդու իրավունքների կոնվենցիայի հոդված 7-ը և 9-ը (Մտքի, խղճի, դավանանքի և խոսքի ազատության իրավունքները): Այնուհետև անդրադարձավ արդար դատաքննության իրավունքին՝ նշելով, որ համացանցում տեղի են ունենում մանիպուլյատիվ գործընթացներ։ Խոսելով դատարանների շուրջ ծավալված գործընթացների մասին՝ նա հարցադրում արեց, թե արդյոք չպե՞տք է պահպանեն միջազգային նորմերը և վկայակոչեց դատարաններին վերաբերող փարիզյան սկզբունքները։

«Համոզված եմ, որ հասարակությունը Հայաստանում իր էջերն է գրել նորանկախ Հայաստանի պատմության մեջ», - ընդգծեց նա։ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ երեկ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, որը հնարավորություն կտա իրեն մասնակցել 2016 թվականի Ապրիլյան դեպքեր քննող հանձնաժողովի նիստին։

Քննարկմանը ներկա «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ ասաց, որ «ՀՀ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկմանը մասնակցում է «Հայելի» ակումբի հետ տեղի ունեցածի և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ երեկ տեղի ունեցածի պատճառով (Ազգային անվտանգության ծառայությունը գնացել էր Թովմասյանի տուն՝ վերջինիս հորը և դստրերին հարցաքննելու - հեղ.):

Իրավապաշտպանի համար մտահոգիչ է հասարակության արձագանքը Թովմասյանի դեպքի հետ կապված։ 
«Առաջին ահազանգը եղավ Ալեքսանդր Ազարյանի դեպքով, երբ «պարզվեց» , որ նա գրագող է», - նշեց նա՝ նշելով դատարանների շուրջ իր մոտ ունեցած առաջին մտահոգությունը։
 
Այնուհետև Իշխանյանը նշեց Դավիթ Գրիգորյանի դեպքը։ Իրավապաշտպան կառույցի ղեկավարը հավելեց, որ ժամանակին նա ողջունել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, սակայն հետագա զարգացումներին արդեն դարձան մտահոգիչ, երբ Գրիգորյանն իր հիվանդություններով հանդերձ մնում է կալանքի տակ։ 
 
Կրկին անդրադառնալով Հրայր Թովմասյանի թեմային՝ Իշխանյանն ասաց, որ իշխանությունները «բոլոր տեսակի սահմաններն անցան», և դեպքը համեմատեց 1930-ական թվականների բռնաճնշումների հետ։