Բացել լրահոսը Փակել լրահոսը
Չինաստան
A A
Քաղաքականություն

Մենք բարեկամներ ու գործընկերներ ունենք ողջ աշխարհում․ Չինաստանի դեսպան (տեսանյութ)

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետի տանն այսօր նշվում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 70-ամյակը։

1949 թվականի հոկտեմբերի 1-ին չինական կոմունիստական հեղափոխական առաջնորդ Մաո Ցզե-Դունը Պեկինի Տիանանմեն հրապարակում հայտարարեց Ժողովրդական Հանրապետության հիմնադրման մասին։

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունն իր ելույթում նշեց, որ 2020 թվականին կկառուցեն միջին ապրող հասարակություն:

 «Դա նշանակում է յուրաքանչյուր մարդու մեկ շնչին ընկնող եկամուտը պետք է հասնի աշխարհի միջինին՝ դրա հետ մեկտեղ վարելով լավ սոցիալական քաղաքանություն»,- նշեց նա։

Դեսպանն ընդգծեց, որ Չինաստանը ներկայումս ավելի քան 100 երկրի համար համար 1 առևտրային գործընկեր է և աշխարհում ավելի քան 200 տեսակի արտադրողական ապրանքի համար 1 արտադրողը։ «Չինաստանը վարում է լայն, բայց իրավահավասար և փոխշահավետ միջազգային համագործակցություն բոլոր պետությունների հետ։ Մենք բարեկամներ ու գործընկերներ ունենք ողջ աշխարհում»,- ընդգծեց Թիան Էրլունը։

Միջոցառումն ուղեկցվեց նաև հայ և չինական ժողովրդական երգերով, որոնք հնչեցին և՛ չինարեն, և՛ հայերեն։

Կոմունիստական կուսակցության Կենտգործկոմի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում  ասաց, որ հայ-չինական հարաբերությունները դինամիկ զարգանալու հեռանկարներ ունեն՝ նշելով այս տարի չինական ապրանքները ներմուծումը կազմել է 9,5 տոկոս։

«Մենք մեր չինացի ընկերներին առաջարկում ենք քննարկել «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու հարցում ներդրումներ կատարելու և տարեկան մինչև 20 հազար տոննա կաուչուկ ստանալու և դրա մի մասը Չինաստան առաքելու համար»,- ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա՝ սա հնարավորություն կտա տնտեսապես հիմնավորել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը, և այն կարող է լինել Մետաքսի ճանապարհի մի բաղադրիչ, ինչն էլ հնարավորություն կտա Պարսից ծոցի նավահանգիստն ավելի կարճ ճանապարհով մոտեցնել Սև ծովին։ Հարցին, թե այս ծրագիրը գործնական փուլո՞ւմ է, միության նախագահն ասաց, որ այն դեռևս խոսակցությունների փուլում է թե՛ կառավարությունում, թե՛ չինացի գործընկերների հետ։