Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ես չեմ հիշում, որ դուք երբևէ այսպիսի հանդիպում ունեցած լինեիք, ասենք՝ Սերժ Սարգսյանի հետ․ Փաշինյանը՝ սևազգեստ մայրերին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության շենքում ընդունել է զոհված զինծառայողների մայրերին։ Նա խոստացել էր հանդիպել վերջիններիս հետ դեևս սեպտեմբերի 19-ին, երբ մայրերը Կառավարության շենքի դիմաց նստացույց էին իրականացնում՝ պահանջելով, որպեսզի իրենց ևս փոխհատուցում տրվի, ինչպես մարտի 1-ին զոհերի իրավահաջորդներին։

Վարչապետը ճիշտ չհամարեց խնդիրը դիտարկել այն շրջանակներում, թե «Ինչու ուրիշի հարցը լուծվեց՝ մերը չլուծվեց», ասաց․

«Դա հանրային համակեցությանը հակասող շեշտադրում է»։

Նա նշեց, որ խնդիրները կլուծվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շրջանակներում։

«Մեր վերջին հանդիպումից հետո գիտեք, որ որոշում է կայացվել և հիմա այդ հիմնադրամը սկսել է վճարումներ կատարել 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

 «Դուք ասում եք՝ մենք գումար ունենք։ Այո՛ ունենք ի շնորհիվ Ձեզ։ Ակնկալիքս այն էր, որ այս մայրերին թույլ չտանք, որ ևս մեկ անգամ Կառավարության դիմացի էն ցեմենտի վրա նստեն ու պահանջեն, որ վարչապետը ուշադրության կենտրոնում պահի իրենց ընտանիքներին»,- ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

Վարչապետւ հիշեցրեց, որ մեկ ու կես ամսում հիմնադրամի փոխհատուցումների շրջանակներում 19 տարով հետ են գնացել՝ հիմա նպատակ ունեն լուծել խնդիրն ամբողջությամբ՝  ներառելով բոլոր տարիները, բայց դա անելու համար դեռ ժամանակ է հարկավոր։

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Մարգարիտա Խաչատրյանը նշում է, թե զոհված զինծառայողների ընտանիքներից շատերը չեն մտնում հիմնադրամի շահառուների շրջանակի մեջ, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այս պահին փուլ առ փուլ փորձում են լայնացնել նաև այդ շրջանակը։ Միաժամանակ խոսքն ուղղեց Մարգարիտա Խաչատրյանին․

«Շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակներում, երբ որ, ինչպես Դուք եք ասում՝ իշխանությունների հետ շատ մտերիմ հարաբերություններ ունեիք, և ես չեմ հիշում, որ դուք երբևէ այսպիսի հանդիպում ունեցած լինեիք, ասենք, Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետների կամ նախագահների հետ և այդ շեշտադրումներով հանդես գայիք։ Ինձ համար տարօրինակ է դա։ Դուք այն ժամանակ ունեիք բոլոր հնարավորությունները․ ինչո՞ւ չեք կանգնել, այն ժամանակ ինչո՞ւ չեք եկել Կառավարության կամ Նախագահականի դիմաց նստել»,-ասաց վարչապետը։

Մարգարիտա Խաչատրյանն ասաց՝ ինքը դեմ է, որ հացրը հիմնադրամի միջոցով լուծվի, ակնկալում է լուծում հենց կառավարական մարմնից։ Ինչին ի պատասխան վարչապետն ասաց՝ խնդիրը կլուծեն ինչպես իրենք են ճիշտ գտնում։