Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառլեն
A A
Տնտեսություն

Թե՛ դրական, թե՛ բացասական էֆեկտներ ունի․ տնտեսագետը՝ Հյուսիսային և Հարավային մաքսատների մասին

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ Գյումրու ավտոմաքսատանը՝ նշելով, որ բացումը կլինի այս տարվա նոյեմբերի սկզբին։

ՊԵԿ նախագահն ասաց, որ մաքսատունը կազմում է արտաքին տնտեսական սպասարկման կենտրոնի մի հատվածը, և ՊԵԿ ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված է, որ պետք է լինեն երկուսը․ մեկը՝ Հյուսիսային(Գյումրի), մյուսը Հարավային(Սիսիան)։

Նրանց վրա (Գյումրիում մեծամասամբ ավտոմաքսատան գործառույթն է կենտրոնացվելու), ըստ Անանյանի, պետք է կենտրոնացվեն արտաքին տնտեսական գործունեության առնչվող՝ ներմուծում և արտահանում իրականացնող բոլոր տնտեսավարողներին առնչվող, բոլոր պետական մարմինների բոլոր գործառույթները, իսկ Երևանում գործող Արարատյան մաքսատունը հետագայում չի գործի։

Անանյանը հավելեց նաև, որ սա տարածքային զարգացման ծրագրի մի մասն է, որը կառավարությունն անում է ՊԵԿ-ի միջոցով, և այն հնարավորություն կտա ամբողջ բիզնեսը Երևանից բեռնաթափել դեպի Հյուսիս և Հարավ։

Սրա վերաբերյալ «Ա1+»-ը մեկնաբանություն խնդրեց Երևանի պետական համալսարանի Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանից։

ՏՆտեսագետն ասաց, որ Հյուսիսում և Հարավում մաքսատների կառուցումը, ըստ էության, տարածքային զարգացման տեսանկյունից կարող է դրական անդրադառնալ տարածաշրջաններում տնտեսական ակտիվության խթանման վրա, բայց մյուս կողմից, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դրանով որոշակի հավելյալ ծախսային բեռ է դրվում իրավաբանական ու ֆիզիկական անձանց վրա, քանի որ այլ հավասար պայմաններում հավելյալ ճանապարհածախս ու հարակից այլ ծառայություններից օգտվելու վճար պետք է կատարեն։

«Փաստացի ստացվում է, որ կենտրոնացվածությունը Երևանում թուլանալու է, Գյումրիում, Սիսիանում մյուս մաքսատան կառուցումով մենք տվյալ տարածաշրջաններում տնտեսական որոշակի աշխուժություն ենք ապահովելու, բայց մյուս կողմից բիզնեսի համար հավելյալ ծախս է լինելու, այսինքն՝ այստեղ երկակի էֆեկտ ենք ունենում»,- ընդգծեց նա։

Հարցին, թե որպես տնտեսագետ կողմ կլինե՞ր այսպիսի քայլին, Խաչատրյանը պատասխանեց, որ քանի որ կառավարության ստրատեգիկ պլաններում, կառավարության ծրագրում, ռազմավարական որոշակի փաստաթղթերում անընդհատ ֆիքսված է տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտությունը, այս տեսանկյունից նման ծրագիրը լիովին արդարացված է։

«Բայց մյուս կողմից, երբ որ նայում ենք ներկայիս տնտեսական իրավիճակը, բիզնեսների վճարունակությունը, ինքնարժեքի կառուցվածքը և այլն, ապա այս քայլով մենք ավելի ենք բարդացնում իրավիճակը։ Հիմա, այս պարագայում, կառավարությունն ընտրություն կատարել է ի հաշիվ առաջին տարբերակի։ Եվ այստեղ դժվար է ասել՝ միանշանակ ճիշտ է, միանշանակ՝ սխալ է, բնականաբար, դա թե՛ դրական, թե՛ բացասական էֆեկտներ ունի»,- եզրափակեց Կառլեն Խաչատրյանը։