Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Սանասարյան
A A
Հասարակություն

Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստի օրը հայտնի է

Պետական վերահսկողական ծառայության պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված Դավիթ  Սանասարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը տեղի կունանա հոկտեմբերի 28-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից։ 

    Հիշեցնենք, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր  իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին։ 

   Այս գործով բացի Դավիթ Սանասարյանից, անցնում են նաեւ ծառայության աշխատակիցներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ Տարոն Ավետիսյանը։ 

    Ըստ մեղադրանքի՝  Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: 

Դավիթ  Սանասարյանը բազմիցս հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում:

Իսկ Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար,  նույն վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: 

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը և հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս և նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինչը դրսևորվել է  Սամվել Ադյանին եւ Գևորգ Խաչատրյանին վերագրվող գործողություններով:

Բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը: