Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ուսուցիչներ
A A
Հասարակություն

Բարձրացե՞լ են արդյոք ուսուցիչների աշխատավարձերը

Կառավարության որոշմամբ՝ ուսուցիչների աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից բարձրացել են 10 տոկոսով։

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչ, պատմաբան Վանո Կարապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձավ այդ հարցին։

Պարոն Կարապետյանը նախ ասաց, որ աշխատավարձերի 10 տոկոսով բարձրացումները եղել են ոչ հասցեական, այսինքն՝ հաստիքային աշխատողներինը (տնօրեն և այլն) չի բարձրացվել։

Խոսելով ուսուցիչների բուն աշխատավարձի բարձրացման մասին՝ ասաց․

«Օրինակ մեկ դրույք ժամաքանակ պարապող ուսուցիչների դրույքը 22 ժամն է լինում, իսկ ամսական վճարման գումարը՝ տարբեր դպրոցներում տարբեր են դրույքաչափերը։ Եթե օրինակի համար ընդունենք 1 դրույքի համար 100 հազար դրամ աշխատավարձ է տրվում, ապա աշխատավարձը 10 տոկոսով բարձրանալու դեպքում ավելանում է 10 հազար դրամով 110 հազար դրամ, իսկ օրինակ 1 դրույքից ցածրը, օրինակ՝ կեսը 11 ժամանոց ժամաքանակի դեպքում 5 տոկոսով է աշխատավարձը բարձրացել»։

Այսպիսի իրավիճակում, ըստ պատմաբանի՝ բարձր աշխատավարձ ստացողների աշխատավարձը շատ է բարձրացել, իսկ քիչ աշխատավարձ ստացողներինը 5, 6, 7 տոկոսով և այլն․

 «Այսինքն՝ համամասնությունը չի պահպանվել, չի բարձրացել բոլորի աշխատավարձը հավասարաչափ և այլն, և այլն։ Ուսուցիչ կա, որ 20 հազար դրամ է ստանում, աշխատավարձը 4-5 հարյուր դրամով է բարձրացել, նայած թե որ դպրոցն է»։

Կարապետյանը նաև նշեց, որ դպրոցներում ևս մեկ խնդիր կա, որը նախախարը կամ տեղակալը նախկինում ասել են, թե  հիմնականում ուսուցիչների աշխատավարձերը պակաս է նրա համար, քանի որ մեկ դրույքի վրա երկու մարդ է աշխատում, դրա համար էլ իրենց աշխատավարձը ցածր է։ Բայց սա, ըստ նրա, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ 

Իրականությունը, ըստ Վանո Կարապետյանի, այն է, որ միշտ չէ՝ ուսուցչի աշխատավարձը կախված է նրանից, թե որ ինքն ունի 1 դրույք կամ մեկ դրույքից պակաս ժամաքանակ։ «Ուսուցչի աշխատավարձը հիմնականում գոյանում է դպրոցի աշակերտների թվաքանակից․ այսինքն՝ որքան շատ է դպրոցում աշակերտը, այնքան դրույքաչափը բարձր է լինում, որքան քիչ՝ դրույքաչափը քիչ»,- ընդգծեց նա։

Պատմաբանը պարզաբանեց, թե քանի որ Հայաստանում ծնելիության մակարդակն իջել է, սերունդը քիչ է, աշակերտների քանակն էլ է քիչ դպրոցներում, ուստի դրա արդյունքում դպրոցներում կան 20 հազար, 25 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ։

Նվազագույն աշխատավարձի մասին օրենքի համաձայն, շարունակեց նա, 55 հազար դրամն է նվազագույն աշխատավարձը, սակայն ուսուցիչներ կան ստանում են 20 հազար, 30 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ կա հակասություն։

«Պատկերավոր օրինակ բերենք․ Գեղարքունիքի մարզ, Լիճք համայնքի հիմնական դպրոց։ Դպրոցը փոքր է, 72 աշակերտ ունի։ Դպրոցում աշխարհագրության մեկ ուսուցիչ կա, պետության կողմից աշխարհարագրության ժամանաքանակը սահմանված է 6 ժամը։ Էդ մարդը 6 ժամը դասավանդում է ու ստանում 20 հազար դրամ մաքուր աշխատավարձ։ 20 հազարով եթե  մարդն աշխատում է, շատ հանգիստ կարող դուրս գալ ու փաստաթուղթ «հանել», գնալ ու դառնալ նպաստի շահառու, նպաստ ստանալ։ Այսինքն՝ նրանց աշխատավարձը մոտիվացնող չէ։ Եվ ըստ օրենքի, թե 55 հազար դրամից ցածր աշխատավարձ չկա, սուտ է։ Ես գիտեմ դրույքով աշխատողի, որ դպրոցում կես դրույքով օպերատոր է աշխատում, ստանում է 28 հազար 500 դրամ աշխատավարձ»,- շարունակեց նա։

Պատմաբանը հիշեցրեց Գյումրիի «Սաստեքս» կարի արտադրամասի դեպքը, երբ աշխատողները բողոք էին ներկայացրել, որ սահմանված նվազագույն աշխատավարձից ավելի ցածր աշխատավարձ են ստանում, և Մարդու իրավունքների պաշտպանը գրանցեց իրավունքների խախտում։ 

«Հիմա նույն խնդիրը կա․ կապ չունի մասնավոր, թե պետական սեկտորում է։ Որ կանգնում, ասում են՝ Հայաստանում ուսուցիչը ստանում է մոտավորապես 120 հազար դրամ միջինը, սուտ է։ Ամենաշատը 110-120 հազար դրամ են ստանում, իսկ միջինը՝ 60-70 հազար դրամ»,- եզրափակեց Վանո Կարապետյանը։