Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 15-ը հոկտեմբերի. «Ռ. Քոչարյանին մի կապեք հոկտեմբերի 27-ի հետ, մեր թշնամին կուրախանա» (տեսանյութ)

1997-ի հոկտեմբերի 15-ին Երեւանի պետական հանրախանութը ներկայացվում է միջազգային մրցույթի։ Մրցույթում դիմորդը մեկն է՝ հանրախանութի կոլեկտիվը, որն առաջարկում է 860 հազար դոլար։ Հանրախանութի տնօրենն ասում է, որ տարեկան պետբյուջե կմուծեն 5 միլիոն դոլար հարկ:

Նույն օրը Երեւանի կենդանաբանական այգում արտառոց միջոցառում է՝ Մանուկ գետաձին տեղափոխվում է նոր բնակարան։ Ճանապարհին գետաձին հաջողացրեց վնասել մեկ ավտոմեքենա։

Նույն օրը Խոսրով Հարությունյանը հրամանագիր է ստորագրում «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագիր Լիազա Ճաղարյանին պաշտոնանկ անելու մասին։ Իր հրամանագիրը Հարությունյանը պատճառաբանում է նրանով, որ թերթը վնասում է խորհրդարանի հեղինակությանը։ Աշխատակազմը հակադարձում է՝ գոհ եղիր, որ խորհրդարանի ամբիոնից հնչած հայհոյանքները չենք հրապարակել։

Դաշնակցական պատգամավոր Դավիթ Լոքյանը դիմում է հայ ժողովրդին՝ եթե տեղյակ եք էներգետիկ ճգնաժամին առնչվող չարաշահումների դեպքերի, դիմեք խորհրդարանում օրերս ստեղծված 92-93 թվականներին էներգակիրների ներկրման, էներգակիրների ծավալին եւ էներգետիկ վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին:

Քաղաքացիները 2001-ի այս օրերին տեղեկանում են, թե րոպեավճարի կիրառումից հետո ինչքան է նրանց օգտագործած խոսելաժամանակը։ Ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ներկայացված գումարի որ մասն է ներքաղաքային եւ որ մասը միջքաղաքային հեռախոսազանգի գումար:

Նույն շաբաթվա ընթացքում «Արմենթելը» պատրաստվում է ներկայացնել սեպտեմբեր ամսվա րոպեավճարի հաշիվները։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը շարունակում է պնդել, որ րոպեավճարի կիրառումն արգելված է:

2001-ի այս օրը «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ընդդիմությանը խորհուրդ է տալիս Ռոբերտ Քոչարյանին չկապել հոկտեմբերի 27-ի հետ, մեր թշնամին կուրախանա։ Իսագուլյանը նկատում է, որ ընդդիմությունը քաղաքական, սոցիալական կամ տնտեսական ծրագիր չունի:

Նույն օրը կառավարության գործողություններից բողոքում են Երեւանի թիվ 1 կլինիկական, թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցները եւ նրան առընթեր բուժական հիմնարկները։ Դրանք լուծարվում են, միավորվում եւ հանձնվում քաղաքապետարանին։ Անձնակազմը պնդում է՝ կառավարությունն իրենց երկու տարվա աշխատավարձ է պարտք, մինչդեռ հիվանդների մուծած գումարներից իրենց ոչ մի լումա չի տրվել:

2006-ի հոկտեմբերի 15-ին ավտովթարի արդյունքում մահանում է երգչուհի Վարդուհի Վարդանյանը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Սեւան-Երեւան ավտոմայրուղու վրա, երբ երգիչների խումբը վերադառնում էր Մարտունի քաղաքում տեղի ունեցած համերգից։

Մանկատների եւ ծերանոցների միջոցով «Մադոննան» կողոպտել է մեր պետական բյուջեն։ 2012-ի հոկտեմբերի 15-ին այս բացահայտումը հրապարակում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ «Մադոննա»-ից բացի, եւս չորս կազմակերպություն է անցնում նույն մեղադրանքով։ Բոլորի գործերն Արտակ Շաբոյանն ուղարկել է դատախազություն: