Բացել լրահոսը Փակել լրահոսը
31013F9900000578-3437445-image-a-1_1454970989975
A A
Քաղաքականություն

Հայաստանը կարող է այլ երկրներին սովորեցնել համախմբվել․ ICANN  ընկերության նախագահ

ICANN  ընկերության նախագահ Յորան Մարբին WCIT համաժողովի պանելային քննարկման զեկուցողներից մեկն էր։ Նա Հայաստանում մասնակցեց նաև N 2 համացանցային կառավարման համաժողովին։ «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց՝ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է։

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում և վայելում եմ այս ամենը․ ձեր ուտելիքը, հյուրընկալությունը, գինիները: Հրաշալի է։ Ձեր ինտերնետ հանրության հետ մեր հարաբերությունները շատ վաղուց են ձգվում, և նրանք մեզ օգնել են հասկանալ այն, ինչը մենք միշտ ասում ենք՝ ինտերնետն ինչպես գլոբալ է, այնպես էլ՝ լոկալ։ Շատ կարևոր է ուշադրություն դարձնել հատկապես լոկալ հատվածին։ Դուք մեզ դրանում օգնում եք»,- նշեց Մարբինը։

Նա ասում է՝ Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժ ունի, քանի որ այստեղ մարդիկ հասկացել են, որ պետք է միասին աշխատեն՝ Կառավարությունը, մասնավոր և գործարար ոլորտները, միջազգային հանրությունը։

«ICANN –ը արդեն աշխատում է ինչպես ձեր նախարարության, հասարակության հետ, այնպես էլ մասնավոր ոլորտի հետ։ Հենց դրանում է կայանում մեր դերը՝ մենք չենք ընտրում մի կողմին ու աշխատում միայն նրա  հետ։ Ասեմ  նաև, որ 2 տարի առաջ մենք ստորագրել ենք համաձայնագիր։ Այն հիմնականում վերաբերում էր հնարավորությունների ավելացմանը, նախապատրաստական կուրսերին և այլն»։ Ասում է՝  ինքն այստեղ է եկել Հայաստանից սովորելու համար։

«Հայաստանը կարող է այլ երկրներին սովորեցնել համախմբվել, միասին աշխատել թվային տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքներն ավելացնելու ուղղությամբ։ Հայաստանը դա ցույց տվեց մասնավորապես այս միջոցառումների ընթացքում»։

Դիջիթեքից և մասնակցող պատանիներից իր ստացած տպավորությունների մասին ասաց․ «Ես ծեր եմ։ Իրականում՝ ես այստեղ եմ, որպեսզի ներկայացնեմ և բացատրեմ ինտերնետի գործունեության մեխանիզմները և որոշ բազային մանրամասներ և տեսնելով նրանց հասկանում եմ, որ ես ավելի շատ բան ունեմ նրանցից սովորելու քան նրանք ինձնից»,- նշեց ընկերության նախագահը։