Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայ շախմատիստները Մեն կղզում կրկին կհանդիպեն իրար հետ

Մեն կղզում շարունակվում է FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարը, որի հաղթողը իրավունք կստանա մասնակցել 2020թ աշժարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:

Մրցաշարային աղյուսակը չորս տուրից հետո գլխավորում են 4 շախմատիստներ, որոնք վաստակել են 3,5-ական միավոր: Այնուհետև հաջորդում են 16 մասնակիցներ, որոնք իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր: Դրանց թվում են Հայաստանի հավաքականի առաջատարներ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: 

Առաջատարներին հետապնդող երկրորդ խումբը բաղկացած է 39 շախմատիստից: Նրանցից են մեր Վլադիմիր Հակոբյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք նույնպես պարտություն չեն կրել և վաստակել են 2,5-ական միավոր: Իսկ ահա մրցաշարը հաղթանակով մեկնարկած Հրանտ Մելքումյանը 4-րդ տուրում անհաջող խաղաց և այժմ 2 միավորով բաժանում է 60-104-րդ տեղերը: Մեր մյուս երեք ներկայացուցիչները՝ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը և Էլինա Դանիելյանը, արդեն բավականին ետ են մնոում առաջատար քառյակից:

Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սևերով կմրցի ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կրիվորուչկոյի հետ: Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող ռուսաստանցի շախմատիստ Ալեքսեյ Շիրովը:

Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կհանդիպի ավստրիացի Մարկուս Ռագերի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով կխաղա հնդիկ Սանթոշ Վիդիտի հետ: Հրանտ Մելքումյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Դավիթ Պարավյանն է: Իսկ ահա Էլինա Դանիելյանը կմրցի Կարեն Մովսիսյանի հետ:

Հիշեցնենք, որ մինչ այդ Լևոն Արոնյանը հանդիպել էր ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանի, իսկ Էլինա Դանիելյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: