Շախմատի պատանիների ԱԱ. Շանթ Սարգսյանը շարունակում է հաղթարշավը
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող շախմատի մինչև 14, 16, 18 տարեկանների աշխարհի առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները:
Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, հաղթելով ռումինացի Գեորգե Ստոլերիուին, վաստակեց 6 միավոր և ընդհուպ մոտեցավ երկու առաջատարներին, որոնք կես միավոր շատ ունեն: Այսօր նա կհանդիպի դրանցից մեկի՝ իրանցի միջազգային վարպետ Արյան Ղոլանիի հետ: Այս խմբում մեր մյուս մասնակիցը՝ Արթուր Դավթյանը, 5,5 միավորով գտնվում է 11-րդ հորիզոնականում: Նրա հաջորդ մրցակիցը ուկրաինացի Վլադիսլավ Սիդորիկան է:
Մեդալների համար շարունակում է պայքարը նաև մինչև 16 տարեկան տղաների մրցաշարին մասնակցող Մամիկոն Ղարիբյանը: Նա 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և այժմ զբաղեցնում է 10-րդ տեղը: Ընթացիկ տուրում մեր պատանի շախմատիստը կմրցի ուկրաինացի Օլեկսի Բիլիխի հետ:
Աղջիկների առաջնությունում հաջող է հանդես գալիս Աստղիկ Հակոբյանը, որը մինչև 14 տարեկանների մրցաշարում վաստակել է 6 միավոր և ընթանում է 4-րդ հորիզոնականում: Նրա հաջորդ մրցակիցը մոնղոլուհի Բաթ-Էրդենե Մունգունզուլն է:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: