Շախմատի պատանեկան ԱԱ. Հայաստանի շախմատիստները վեց հաղթանակ են տարել 1-ին տուրում
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստանի Մումբայ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարերում Հայաստանը կներկայացնի 8 պատանի շախմատիստ:
Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես են գալիս Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը, մինչև 16 տարեկան տղաների առաջնությունում՝ Մամիկոն Ղարիբյանը: Մինչև 14 տարեկանների ենթախմբում հանդես կգան Ալեքս Սահակյանը և Արսեն Դավթյանը: Աղջիկների մրցաշարում հայտավորվել են երեք շախմատիստուհի՝ Աստղիկ Հակոբյանը (Մ-14), Սրբուհի Սարգսյանը (Մ-16) և Աննա Խաչատրյանը (Մ-18):
Արդեն կայացել են առաջին տուրի պարտիաները: Մեր վեց շախմատիստները հաղթանակ են տարել, իսկ ահա Սրբուհի Սարգսյանն ու Արսեն Դավթյանը պարտվել են:
Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի հանդիպումները: Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը սևերով կհանդիպի չինացի Վան Սիկսյուի հետ: Ի դեպ, Սրբուհի Սարգսյանի մրցակիցը Շվեյցարիան ներկայացնող հայազգի շախմատիստուհի Գոհար Թամրազյանն է: