Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport shtanga
A A
Սպորտ

Գլուխ գովալու շատ տեղ չունենք․ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը՝ մարզիկների ելույթների մասին

«Անդրանիկ Կարապետյանի ելույթից դժգոհ եք ոչ միայն դուք՝ լրագրողներդ, այլև ես։ Նա շատ ծանր վիճակում է մասնակցել աշխարհի առաջնությանը, քանի որ հուլիս ամսին երկկողմանի թոքաբորբով հիվանդ է եղել։ Չնայած դրան, նա մարզումների ժամանակ բավականին բարձր արդյունքներ է ցույց տվել՝ 175+205կգ։ Ինչքան էլ որ վատ լիներ, նա ընդամենը 4 կգ քաշ էր գցել, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ 7 կգ։ Սիմոնը աշխարհի ռեկորդ սահմանեց և դարձավ չեմպիոն, իսկ Անդրանիկը հիասթափեցրեց բոլորիս։ Տեսնենք ժամանակի ընթացքում այդ «վերքը» կբուժվի, թե՝ ոչ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճել էր փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում զրո էր ստացել։

Մեկնաբանելով աշխարհի չեմպիոններ Հակոբ Մկրտչյանի և Սիմոն Մարտիրոսյանի ելույթները՝ մասնագետն ասաց, որ գլուխ գովելու շատ տեղ չունենք։

«Հակոբ Մկրտչյանի քաշը օլիմպիական չէ, իսկ խաղերի մեկնարկին մնացել է 8 ամիս, ուստի նա չի հասցնի փոխել իր քաշային կարգը և նորմալ հանդես գալ։ Սիմոն Մարտիրոսյանն այս աշխարհի առաջնությունում ավելի քիչ կիլոգրամներ բարձրացրեց և մրցակիցներին թույլ տվեց մոտենալ իրեն։ Ճիշտ է, եթե պետք լիներ, նա կբարձրացներ նաև 235 կգ ծանրությունը, սակայն մենք ցանկացանք պարզել, արդյոք նա պատրա՞ստ է այդ վիճակում (քաշը 7 կգ գցելը – հեղ․) բարձրացնել անցած տարվա 240 կիլոգրամը», - նշեց գլխավոր մարզիչը։

Փաշիկ Ալավերդյանը, որպես Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, գնահատեց նաև մեր կանանց հավաքականի ելույթները։

«Կանանց ծանրամարտում մենք ուշացրել ենք սերնդափոխությունը։ Բացի այդ, ազդեց նախկինում եղած դոպինգի հարցը։ Սակայն ունենք հուսադրող մարզուհիներ, որոնք առաջիկայում կարող են արդարացնել մեր սպասելիքները», - մեկնաբանեց Փաշիկ Ալավերդյանը։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ ֆեդերացիայի քարտուղարն ասաց, որ մեր ծանրորդներն այժմ պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, իսկ հետո մասնակցելու են Բելառուսում և Քաթարում անցկացվող վարկանիշային մրցումներին։