Բացել լրահոսը Փակել լրահոսը
71502054_410257469665063_6468441577814491136_n
A A
Քաղաքականություն

ՀՔԾ-ն մերժել է դատարանների շրջափակման առթիվ քրեական գործի հարուցումը

Այս տարվա Մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել հաջորդ օրն առավոտյան ժամը 8։30-ից արգելափակել դատարանների ելքերն ու մուտքերն այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։ Մայիսի 20-ին քաղաքացիների մի մասն արձագանքել էր կոչին ու շրջափակել դատարանները՝ թույլ չտալով դատավորներին, փաստաբաններին ներս մտնել։

Հունիսի 5-ին մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Սահմանադրական դատարանի առջև և պահանջում էին Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականը։ Ակցիայի ընթացքում ցուցարարների և ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի միջև միջադեպ էր եղել։ Ակցիայի մասնակիցները դատարանից դուրս եկող Գյուլումյանին էին մոտեցել և գոչել․ «Հրաժարակա՛ն», «Հեռացե՛ք» և այլն։

Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ դատարանների, Սահմանադրական դատարանի մուտքերը շրջափակելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութեր հիման վրա որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը։

Նրա խոսքով՝ որոշումը բողոքարկվել է դատարան։ Նշենք նաև, որ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կապված միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը նույնպես մերժվել է։ Հարցին, թե ի՞նչ հիմքերով են մերժվել քրեական գործերի հարուցումները, Խաչատրյանը պատասխանեց․ «Հիմքերը հետևյալն են՝ հանցագործության դեպքի բացակայություն ու հանցակազմի բացակայություն»։

Դիտարկմանը թե ի՞նչ տարբերություն կար Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի և Գյուլումյանի հետ կապված միջադեպերի միջև, երբ առաջինի դեպքում գործ է հարուցվում , իսկ երկրորդի դեպքում՝ ոչ, խոսնակը պատասխանեց․ «Ինչը որ պարզաբանելու է, պարզաբանել եմ, ավելացնելու բան չունեմ»։