Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայկական խումբը Սիրիայում ականազերծել է 91 հազար ք/մ տարածք (տեսանյութ)

Սեպտեմբերի 20-27-ը Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը և նույն կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի էլբակյանը եղել են Սիրիայի Հանրապետությունում։

Այցի հիմնական նպատակն է եղել Սիրիայի տեղական  իշխանությանը հանձնել հայկական խմբի կողմից ականազերծված և մաքրված Հալեպ նահանգի Ալ Հուսեյնի բնակավայրի մոտ գտնվող 91 հազար ք/մ տարածքը։

Ռուբեն Առաքելյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց․

«Ականազերծման միջազգային ստանդարտներին համապատասխան՝ կայացավ արարողակարգ, որի ընթացքում  համայնքային և տարածքային իշխանության ներկայությամբ նորից զննվում է տարածքը և որից հետո ստորագրվում է ընդունման և հանձման ակտը։ Ականազերծման տարածքները ընդունեցին Սիրիայի  Հալեպի ղեկավարությունը, ինչպես նաև հայ համայնքի  և ռուսական զորքերի ներկայացուցիչներ։ Հայաստանի կատարած աշխատանքը գոհունակությամբ է ընդունվել նրանց կողմից, քանի որ Հայաստանի հումանիտար առաքելությունը միակն է, որ Սիրիայում ականազերծում է անում» ։

Նազելի Էլբակյանը տեղեկացրեց, որ հայկական խումբը 112 հազար ք/մ տարածք է ականազերծել, նշված 91-ը հազար ք/մ երկու ականադաշտի է պատկանում,  իսկ հիմա արդեն երրորդ ականադաշտում են աշխատանքներ իրականացվում։

«Առաքելության խմբում կա 80 անդամ։ Եթե նախկին խումբը 4 հիվանդանոցների հետ էր աշխատում, ապա արդեն երկրորդ խումբը 5 հիվանդանոցում է աշխատում և մեծ աջակցություն է իրականացվում երեխաներին»։

Նրա խոսքով՝ Սիրիայում անցկացրած 7 օրերի ընթացքում երկու անգամ հանդիպել են  ՄԱԿ-ի Սիրիայում ականնների գործողությունների կենտրոնի ներկայացուցիչներին, ներկայացվել են հայկական կողմի կատարված աշխատանքները և քննարկվել հայկական խմբի կողմից իրականացվող իրազեկման դասընթացների ծավալների մեծացման հետ կապված հետագա քայլերը։