Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը Հռոմում հանդիպել է հանրահայտ Elettronica Group ընկերության ղեկավարի հետ (տեսանյութ)

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է իտալական հանրահայտ Elettronica Group ընկերության գրասենյակ և հանդիպել գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինիի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկրներից է, և Հայաստանի հետ սերտ համագործակցությունը մեծամասամբ լինելու է մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտում։

«Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը»,- ասել է Հանրապետության նախագահը։ Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Elettronica Group -ի գլխավոր գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ բարեկամությունն ու համագործակցությունը տեխնիկական մշակույթի, նոր տեխնոլոգիական գաղափարների, կիբերտեխնոլոգիաների ոլորտներում կշարունակվի։

«Տեղյակ եմ, որ Ձեր երկիրը պատրաստակամ է ներդրումներ անելու հետազոտությունների ոլորտում, իսկ հետազոտությունները բոլոր երկրների ապագան են»,- ասել է Էնզո Բենինին՝ հայտնելով, որ մի քանի անգամ եղել է Հայաստանում և ցանկանում է նորից այցելել։

«Որպես արդյունաբերող ընկերություն՝ մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպիսի համագործակցության ծրագրեր կարող ենք ունենալ ապագայում։ Վստահ եմ, որ Ձեր շնորհիվ երկրում շատ բաներ կփոխվեն»,- դիմելով նախագահ Սարգսյանին՝ ասել է նա։ Գործադիր տնօրենի ներկայացմամբ՝ Elettronica ընկերությունը մասնավոր ընկերություն է, որը Բենինիների ընտանիքը հիմնել է 70 տարի առաջ։ Ընկերությունում աշխատում է շուրջ հազար մարդ Իտալիայից և Գերմանիայից։ Մեծ թվով ռեսուրսներ են օգտագործվում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր իրականացնելու համար։

«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, առաջարկելու մեր ներկայությունը Հայաստանում այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին պաշտպանությունն է»,- նշել է Էնզո Բենինին։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ներուժը հասկանալու համար իտալական ընկերությունը, ինչպես մյուս խոշոր ընկերությունները, պետք է այցելի մեր երկիր։

«Մեր ներուժը գիտնականներն են, ինչպես նաև մեր երիտասարդ սերունդը, -նշել է նախագահ Սարգսյանը։- Կարևոր է նաև հստակ գիտակցել կրթական համակարգի կարևորությունը։ Բոլոր այս խոշոր ընկերությունները, որոնք գալիս են Հայաստան, գալիս են ապագայի , այլ ոչ թե վաղվա համար։ Ես ցանկանում եմ, որ Հայաստանը հարաբերություններ ունենա աշխարհի լավագույնների հետ։ Եթե մենք ուզում ենք, որ նոր սերնդի արհեստական բանականությունը ստեղծվի Հայաստանում, պետք է աշխատենք լավագույնների հետ։ Այս ամենը պահանջում է ժամանակ, համբերություն և տքնաջան աշխատանք»։

Զրուցակիցները հույս են հայտնել, որ կծավալվի արդյունավետ համագործակցություն, որը կբխի բոլոր կողմերի շահերից։