Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական լեգեոն

Սպորտ

Արգենտինական «Նյուվելս Օլդ Բոյսի»' ուրուգվահայ ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը կրկին աչքի ընկավ այդ երկրի առաջնությունում: 17- րդ տուրում, «Արսենալ Սարանդիի» հետ խաղում, նա խփեց իր թիմի միակ պատասխան գոլը' 1:2: Այդպիսով, «Նյուվելս Օլդ Բոյսը» 10 անընդմեջ հաջող խաղերից հետո, իր հարկի տակ, անսպասելի պարտություն կրեց եւ առաջին տեղը զիջեց «Աթլետիկո Բանֆիլդին»: «Նյուվելս Օլդ Բոյսը» դեռ լավ հնարավորություններ ունի պայքարելու չեմպիոնի կոչման համար, սակայն դրա համար հարկավոր է հաղթանակներ տանել վերջին երկու տուրերում:

Այս մրցաշրջանում արդունավետ խաղ է ցուցադրում նաեւ Էդգար Մանուչարյանը, որը հանդես է գալիս հոլանդական «Հաարլեմ» թիմում: Հոլանդիայի 1-ին խմբի հերթական տուրում հաարլեմցիները սեփական դաշտում ոչ-ոքի խաղացին ՏՕՊ «Օսս» թիմի հետ' 1:1: Դաշտի տերերի կազմում միակ գոլը խփեց հենց մեր ֆուտբոլիստը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը' Դոնեցկի «Մետալուրգը», Ուկրաինայի առաջնության 16-րդ տուրում հյուրընկալվելիս պարտվեց «Դնեպրին»' 0:2: Մեր ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ խաղին եւ տեղի լրատվամիջոցների կողմից բարձր' 6 գնահատական ստացավ: Մեր մյուս լեգեոնական Արարատ Առաքելյանը չմասնակցեց հանդիպմանը:

Քարամյան եղբայրների թիմը' ռումինական «Տիմիշոարան», 16-րդ տուրում 1:0  հաշվով հաղթեց «Պանդուրիին»: Հանդիպմանը մասնակցեց միայն Արտավազդ Քարամյանը, որը 69-րդ րոպեին փոխարինեց Գոգային:

Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը իր թիմի' դանիական «Ռանդերսի» կազմում, մասնակցեց «Կյոգեի» հետ խաղին եւ օգնեց հաղթանակ տոնելու' 1:0: Այս հաղթանակից հետո «Ռանդերսը» վերջին' 12-րդ տեղից բարձրացավ 11-րդ հորիզոնական: