Բացել լրահոսը Փակել լրահոսը
70707607_2352570968332030_8343079057444831232_n
A A
Մարզեր

Գազատարն անցնում է Մեղրիով, սակայն համայնքում գազ չկա

Իրանական գազամուղն անցնում է Մեղրիի տարածաշրջանով, սակայն տեղի բնակիչները վառելիքի խնդիր ունեն։

«Մեղրին մինչև հիմա չի գազաֆիկացվել։ 2011 թվականից աշխատանքներ են կատարվում։ Ասեմ, որ աշխատանքների առյուծի բաժինն արդեն կատարված է»,- նշում է Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

Ասում է՝ 2011-ին, երբ հարևան Իրանի նախագահը Մահմուդ Ահմադի Նեժադն էր, այդ պետությունը 2 միլիոն դոլար գրանտ է հատկացրել մեր Կառավարությանը, որպեսզի Մեղրի և Ագարակ քաղաքներում իրականացնեն գազաֆիկացման աշխատանքներ։

Որոշակի աշխատանքներ կատարել են, բայց պակասել է 256 միլիոն դրամ։
«Գուցե զավեշտալի հնչի, բայց դեռ մինչ խոշորացումը, երբ ես Ագարակի քաղաքապետն էի, մենք տարիներ շարունակ դիմում էինք Էներգետիկայի նախարարությանը, որ աշխատանքներն ավարտին հասցնեն։ Նրանք պատասխանում էին, որ ուզում են նորից դիմեն Իրանի կառավարությանը և ասեն, որ իրենց հատկացրած գումարը չի բավարարում, խնդրում ենք՝ ավելացնեք 256 մլն դրամ»,- ասաց նա՝ շարունակելով․

«Ես գազամատակարարման մասնագետ չեմ, բայց տարրական  ֆիզիկայի գիտելիքներ է․Իրանից գազը, որ գազամուղով գնում, հասնում է Երևան, բավականին ծախս է կատարվում՝ այդ գազը մղելու համար։ Իսկ Մեղրիում իր ինքնարժեքն ավելի ցածր է»։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչները ոչ պաշտոնական զրույցում ասել են, որ Մեղրու տարածաշրջանը գրավիչ չէ, քանի որ  բաժանորդների քանակը քիչ է։

Վերջերս, սակայն, մեծացել են հույսերը, որ տարածաշրջանը կգազաֆիկացվի։

«Անցյալ շաբաթ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը կապվեց մեզ հետ, մենք գազաֆիկացման համար անհրաժեշտ բոլոր տվյալները և առկա խնդիրները փոխանցել ենք իրենց։ Հիմա նախահաշվարկային աշխատանքներ են տարվում։ Նախատեսվում է  գազաֆիկացնել Մեղրի, Ագարակ քաղաքները և Լևազ գյուղը»։

Անդրադառնալով Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկմանը՝ Զաքարյանն ասում է, որ կատարելն իրատեսական է, սակայն այս պահին այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ չեն արվում։

«Ազատ տնտեսական գոտին շատ գեղեցիկ գաղափար է, շատ հեռանկարային գաղափար է, բայց ներկա պահին այն միֆին ավելի մոտիկ է, քան իրականությանը։ Ասեմ, որ դա շատ ծանր գործընթաց է։ Ազատ տնտեսական գոտի հայտարարելը շատ հեշտ է, բայց իրականացնելը դանդաղ և շատ ծանր գործընթաց է»,- ասում է համայնքի ղեկավարը։

Նա նշում է՝ ինքն էլ, տարածաշրջանի բնակիչներն էլ մեծ հույսեր են կապում ազատ տնտեսական գոտու գործարկման հետ։

Նշենք, որ լրագրողների այցն իրականացվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ծրագրի շրջանակներում։