Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի չեմպիոնուհին լրագրողների հյուր

Սպորտ

Նազիկ Ավդալյանն առայժմ չի մտածում անձնական կյանքի մասին:

Մամուլի «Դե ֆակտո» ակումբն այսօր հանդիպում կազմակերպեց ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը եւ ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Խոսելով հարավկորեական սխրագործության մասին (վերջին հաշվով նա առաջ է անցել Ռուսաստանի նման հզոր երկրի մարզուհուց), Նազիկ Ավդալյանն համեստորեն ասաց, որ հավատացած էր իր հաղթանակին, չնայած այն բանին, որ մրցավարները չհաշվեցին պոկում վարժության երկրորդ մոտեցումը: «Ես, իրոք, սխալ թույլ տվեցի վարժությունը կատարելիս, ձախ ձեռքս մի փոքր ծալված պահեցի: Նման դեպքում մրցավարներն անմիջապես չեն արձանագրում մոտեցումը: Սակայն նրանք ինձ թույլ տվեցին մինչեւ վերջ բարձրացնել, ապա չեղյալ համարել այն, ինչը մի փոքր զայրացրեց ինձ: Սակայն ես այնքան վստահ էի իմ ուժերին, որ շատ արագ մոռացա այդ պահը»:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն այդ միջադեպի հետ կապված ասաց, որ մրցավարները կընդառաջեին Նազիկին, եթե դա սովորական մոտեցում լիներ, բայց քանի որ որոշվում էր ոսկե մեդալի ճակատագիրը, ուստի նրանք ավելի խիստ վերաբերվեցին այդ պահին:

Աշխարհի չեմպիոնուհուն ուղղված բազմաբնույթ հարցերից պարզվեց, որ Նազիկը դեռեւս մտադիր չէ ամուսնանալ եւ չունի ընտրած տղա, քանի որ մտածում է միմիայն մարզական կարիերայի մասին, իսկ ազատ ժամերին սիրում է գիրք կարդալ ու երաժշտություն լսել (նախընտրած ժանր չունի, կապված է տրամադրությունից): Նա նույնիսկ դեռ չի որոշել, թե ինչ նպատակների համար է ծախսելու ստանալիք 5 մլն դրամ պարգեւավճարը:

Մեր մարզուհուն առայժմ մտահոգում է միայն այն, որ դժվարությամբ է քաշ գցում մրցումներից առաջ, ուստի մտադիր է փոխել քաշը եւ այսուհետ հանդես գալ 75 կգ քաշայինների կարգում: Լրագրողների այն հարցին, արդյոք չի վախենում նոր մրցակիցներից, որոնք բավական ուժեղ մարզուհիներ են, Նազիկ Ավդալյանը կրկին վստահ պատասխան տվեց. «Այդ հանգամանքն ինձ ընդհանրապես չի մտահոգում»:

Տեղեկացնենք, որ արդեն առաջիկա երեքշաբթի օրից մեր մարզուհին սկսելու է մարզումները' որպեսզի նախապատրաստվի մրցաշրջան-2010-ին: Հենց այդպիսին է պատկերացնում պրոֆեսիոնալ մարզուհու կյանքը Նազիկ Ավդալյանը, ով արդեն 15 տարի իր կյանքը նվիրել է մեծ սպորտին (10 տարի ակրոբատիկային, 5' ծանրամարտին):