Դպրոցներում և բուհերում կչափեն մանկավարժների զարկերակային ճնշումը
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է։ Այս կապակցությամբ Առողջապահության նախարարությունը և Սրտաբանների հայաստանյան ասոցացիան համատեղ հանրության շրջանում իրազեկման աշխատանքներ կիրականացնեն։
Թիրախում կլինի հատկապես այն խումբը, որն առավելապես հակված է սրտի հետ կապված հիվանդությունների՝ սթրեսային աշխատանքի պատճառով։ Խոսքը վերաբերում է ուսուցիչներին։ Իրականացվելիք միջոցառումների շրջանակներում նախատեսված է դպրոցներում և բուհերում կատարել մանկավարժների զարկերակային ճնշման չափումներ։
Անհանգստացնող ցուցանիշների դեպքում մանկավարժները կունենան կոնսուլտացիայի հնարավորություն, անհրաժեշտության դեպքում կհրավիրվեն բուժհաստատություն՝ հետազոտությունը շարունակելու և բուժում ստանալու համար։
Սրտաբանների հայաստանյան ասոցիացիայի նախագահ Հմայակ Սիսակյանի խոսքով՝ այս տարի առաջին անգամ իրազեկման աշխատանքներ կիրականացնեն նաև դպրոցականների շրջանում։ Հիմնավորում են՝ սիրտանոթային հիվանդությունները գնալով երիտասարդանում են՝ սպառնալով նաեւ ավելի երիտասարդ տարիքի անձանց։
«Խնդիրը սկսվում է հենց դպրոցից և ուսանողական տարիներից՝ ավելորդ քաշ, ծխախոտ, ֆասթֆուդեր։ Սա ահազանգող իրավիճակ է։ Եթե մենք թողնենք այսպես և չպայքարենք, առողջապահական ծախսերը մի քանի անգամ ավելանալու են»,- նշում է Սիսակյանը։
Նրա խոսքով՝ ի տարբերություն արևմտյան երկրների, որտեղ նկատվում է սիրտանոթային հիվանդություններից մահացության թվի կայունացում կամ նվազում, Հայաստանում այդ թիվը դեռևս մեծ է։ Սրտանոթային հիվանդություններից մահացության թիվը կազմում է մոտ 60 %: Սրտաբանների հայաստանյան ասոցիացիայի նախագահի խոսքով՝ սա բավական բարձր ցուցանիշ է։
ՀՀ առողջապահության նախարարի՝ սրտաբանության գծով խորհրդական Համլետ Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանում զարկերակային հիպերթենզիայի առումով 10 հիվանդից միայն մեկն է տեղյակ իր հիվանդության մասին և բուժվում։
«Զարկերակային հիպերթենզիան բերում է այնպիսի լուրջ հետևանքների, ինչպիսիք են ինսուլտը և սրտամկանի ինֆարկտը»,- ասում է խորհրդականը։
Վերջինը տեղեկացրեց նաեւ, որ 3 մարզերում՝ Արմավիրում, Արարատում և Կոտայքում պլանավորում են դասախոսություններ անցկացնել բժիշկների համար։