Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտվեց լարված մրցապայքարում

Սպորտ

Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը Եվրոլիգայի 4-րդ տուրում սեփական հարկի տակ, անչափ լարված պայքարում, պարտվեց հունական «Աթինաիկոսին»` 79:87:

Առաջին խաղակեսից հետո մեր թիմը հաղթում էր 33:21 հաշվով, սակայն երկրորդի սկիզբը մերոնք պարզապես ձախողեցին եւ հինգ գրոհ շարունակ չկարողացան միավոր վաստակել: Արդյունքում` հյուրերը կրճատեցին հաշիվի տարբերությունը` 33:32, իսկ քիչ անց առաջ անցան` 36:35: Հետագայում էլ մեր բասկետբոլիստուհիները չկարողացան ավարտին հասցնել գրոհները, իսկ երբ վերջում փորձեցին 3 միավորանոց նետումներով հասնել մրցակցին, այս անգամ արդեն նրանցից երես թեքեց մարզական բախտը: Արդյունքում, «Աթինաիկոսին» երրորդ հաղթանակը տարավ եւ դարձավ խմբի միանձնյա առաջատար:

Խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին հյուրերի գլխավոր մարզիչ Գեորգիոս Վիլիոլակուսը նախ շնորհակալություն հայտնեց անչափ ջերմ ընդունելության համար, ապա ասաց, որ իրենք սպասում էին նման լարված պայքարի. «Մենք այսօր հաղթեցինք մեր փորձի եւ փոքր մանրուքների հաշվին»:

«Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն ասաց, որ «Աթինաիկոսը», իրոք, ուժեղ էր եւ արժանի հաղթանակ տարավ:

«Չնայած առաջին կեսից հետո հաղթում էինք, սակայն պարզ երեւում էր, որ մրցակիցը դեռ չի ասել իր խոսքը: Ցավոք, այսօր ինչ-որ չափով մեզանից երես թեքեց նաեւ մարզայկան բախտը: Այնուամենայնիվ, առաջին հերթին զգացնել տվեց «Աթինաիկոսի» բարձր կարգը»,-ասաց նա: