Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Փաշինյանը հատուկ ծառայության ղեկավարին դարձրել էր սուպերաստղ. Հայկ Մարտիրոսյան

ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանն այսօր հրաժարական ներկայացրեց։

Այս կապակցությամբ «Ա1+»-ը կապ հաստատեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար նրա դիրքորոշումը այս հարցի շուրջ:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Արթուր Վանեցյանի հրաժարականը և Ձեր կարծիքով՝ ի՞նչ հիմնավոր  պատճառներ կարող են լինել այդ որոշման համար:

-Նախ՝ ես վստահ եմ, որ իրական, խորքային և հիմնական պատճառն այն է, որ Փաշինյանը, երկրի ղեկավարի տեսանկյունից, թույլ էր տվել անպատկերացնելի, անթույլատրելի ռազմավարական մի սխալ, որով իր հատուկ ծառայության ղեկավարին ինքը դարձրել էր սուպերաստղ: Որևէ բանական իրավիճակում, որևէ նորմալ երկրում որևէ ղեկավար թույլ չի տալիս, որպեսզի, ըստ էության, իր գաղտնի ոստիկանության պետը դառնա այդչափ հանրային և այդչափ բարձր վարկանիշ ունեցող: Հատկապես` երբ երբևէ չի եղել հանրային, հասարակական, մշակութային, քաղաքական կամ այլ տիպի գործիչ: Փաշինյանը ԱԱԾ-ին էր նաև վստահում գրեթե բոլոր մանր, միջին և մեծ գործերը, և դա Վանեցյանին ազդեցության ահռելի լծակներ էր տվել: Իրավիճակից օգտվում էր անշուշտ Վանեցյանը, որը, տիրապետելով հանրային կապերի որոշ ձիրքերի, դարձել էր ժողովրդականություն վայելող ուժային և արդեն նաև քաղաքական լուրջ այլընտրանք Փաշինյանի համար: Գաղտնիք չէ, որ ձևավորվել էր Վանեցյան-Ալեն Սիմոնյան տանդեմ, որն առանձին քաղաքական բևեռ էր այս իշխանության մեջ և հզոր գործոն էր այլևս: Ինչ-որ մի պահի, թերևս, Փաշինյանը սկսեց ուշացումով գիտակցել, որ իր վարկանիշի հնարավոր գահավիժման պարագայում տեսականորեն կարող է պալատական հեղաշրջում տեղի ունենալ, որի դեպքում հենց իր իսկ կուսակիցներն անմիջապես իշխանության կարող են բերել Վանեցյանին: Հստակ է, որ նրա թեկնածությունը կարող էր և ընդունելի լինել դրսի որոշ ուժերի համար: Ընդ որում՝ այդպիսի իրադարձությունների պարագայում Վանեցյանն ունենալու էր ահռելի լծակ քաղաքական մեծամասնության վրա, եթե ենթադրենք, որ նա կարող էր տիրապետել կամ կարող է դեռևս տիրապետել ծավալուն կոմպրոմատների: Եվ ահա եկավ պահը, երբ, թերևս Ամուլսարի իրադարձությունների ֆոնին, Փաշինյանն ավարտին հասցրեց Վանեցյանի՝ դաշտից հեռացումն ու նրան ուղղակիորեն առաջարկեց դիմում գրել և հեռանալ:

- Ի՞նչ եք կարծում, Արթուր Վանեցյանի հրաժարականը ՊՎԾ՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի հանդեպ հարուցված քրեական գործի հետ կապ ունի՞, թե՞ ոչ:

-Ամենևին բացառված չէ: Ակնհայտ է, որ կար Սանասարյան-Վանեցյան հակասություն: Չեմ բացառում, որ այդ կրակի վրա կարող էր յուղ լցնել ինքը` Փաշինյանը, փորձելով երկուսին էլ մեկուսացնել միմյանց դեմ հանելով: Չեմ բացառում, որ հիմա, երբ Սանասարյանի դեմ կազմված` իմ կարծիքով՝ շինծու և անհիմն գործը ուղարկվում է դատարան և այն այլևս դուրս է ԱԱԾ տիրույթից, Փաշինյանը կարող էր և Վանեցյանին մեղադրել թույլ հիմնավորումներով գործ կազմելու կամ այլ բացթողումների մեջ: Պատահական չէ թերևս, որ Վանեցյանը հեռացավ բառացիորեն ուղիղ եթերում, երբ վարչապետն իմիջիայլոց հայտնեց այդ մասին` նշելով, թե երևի մի քանի օրից կլինի ազատման հրամանը: Վանեցյանը դրանից ուղիղ չորս րոպե անց հայտարարություն տեղադրեց Ֆեյսբուքում, լրագրողներն այն մասնակի կարդացին վարչապետին, վարչապետն անակնկալի եկավ, հետո մինի-հակահարձակում կատարեց Վանեցյանի դեմ և այդ ընթացքում ոչ թե մի քանի օրից, այլ անմիջապես նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Վանեցյանի դիմումը: Սա անչափ հետաքրքիր, զավեշտականորեն ողբերգական քաղաքական վարքագիծ է, որ ցույց է տալիս հախուռնություն և այն, որ իշխանական բուրգն անգամ ներսից է շատ երերուն: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ Վանեցյանը, լինելով փաստացիորեն աշխատանքից ազատված պաշտոնյա իր արդեն բացահայտորեն ընդդիմադիր և վարչապետին խստորեն քննադատող հայտարարությունը տեղադրում է ԱԱԾ պաշտոնական էջում, որ աննախադեպ երևույթ է աշխարհում: Գոնե այդ հայտարարության պաշտոնական էջում տեղադրմամբ, թերևս, այդպես է ստացվում: Ինչ էլ որ լինի, հիմա առկա է մի իրավիճակ, երբ իշխանությունում երբևէ եղած ամենաազդեցիկ և անկախ երկու հակառակորդ պաշտոնյաներ այլևս պաշտոնյա չեն և հեռացված են պետական կառավարումից: Ընդ որում` մեկի հեռացումը տեղի է ունեցել մյուսի ձեռքերով, որին էլ, ամենայն հավանականությամբ, զոհ է գնացել հենց այդ մյուսը:

Սա բյուզանդական խարդավանքների դասական օրինակ է, և այս իշխանության բյուզանդականության ու հենց այս սցենարի մասին մենք վաղուց էինք զգուշացնում: