Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինձ հեռացնում են իմ և Ռոբերտ Քոչարյանի համատեղ նկարի պատճառով. նախկին հյուպատոս (տեսանյութ)

Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանի պարտականությունները դադարեցվել է, նրա աշխատանքը, Բաղդասարյանի խոսքով, ԱԳՆ խոսնակը գնահատել է ոչ արդյունավետ։

Արա Բաղդասարյանը կարծում է, որ որոշումը կապված է վերջերս սոցցանցերում տարածված իր և Ռոբերտ Քոչարյանի նկարի հետ, քանի որ իրեն անծանոթ համարից  զանգ է հնչել և հակիրճ ասվել՝ «Դուք հասկանում եք ձեր հեռացման պատճառները»։

«Ոչ արդյունավետ աշխատանքի պատասխանն եմ ուզում տան։ Ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ ու պայքարելու եմ, որ փոխվի այդ ձևակերպումը։ Ես կարող եմ ցույց տալ իմ աշխատանքները և ապացուցել, որ ես իսկականից աշխատանք տարել եմ, որն ունեցել է իր արդյունքները»,- ասաց նա։

Արա Բաղդասարյանը նշում է, որ ինքն Անդորրայում հյուպատոս նշանակվել է Սերժ Սարգսյանի առաջարկով՝ այնտեղ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու համար։

«2017 թվականի դեկտեմբերին  հրաման ստորագրվեց, և ես նշանակվեցի պատվավոր հյուպատոս։ Ես սկսեցի իմ աշխատանքը, ծանոթացա Անդորրայի խորհրդարանի նախագահի հետ։ Այնտեղ կար չորս խմբակցություն, որոնց հետ ես առանձին-առանձին հանդիպել եմ և ծանոթացրել մեր պատմությանը, ինչը նրանց շատ հետաքրքրել է։ Ես նրանց ասացի՝ եթե դուք ժողովրդավարության սկզբունքներով եք առաջնորդվում, ուրեմն իմացեք, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչեք, որպեսզի նման բաներ այլևս չկրկնվեն։ Նրանք ինձ հետ համաձայնվեցին, և այս տարի աշնանը այդ  հարցը պետք է դրվեր խորհրդարանում, քանի որ ամեն ինչ  պատրաստ էր դրա համար»,- պարզաբանեց նա։

Արա Բաղդասարյանը նշում է, որ ինքը փորձելու է իր սկսած գործը ավարտին հասցնել, սակայ դա այժմ պետք է անի ձեռք բերած ծանոթների օգնությամբ, քանի որ այլևս կարգավիճակ չունի՝  խորհրդարանում ներկայանալու համար։

«Ճիշտ է՝ ինձ դժվարություններ ստեղծեցին, բայց ես ամեն ինչ անելու եմ, քանի որ դա ես համարում եմ իմ առաքելությունը։ Դեռ փոքր տարիքից պապս պատմել է, որ Վանը մեր հողն է, մենք չենք կարող մեր հողերը հետ բերել, բայց ամենք մեկս պարտք ունենք՝ ինչ-որ բան անելու»։

Արա Բաղդասարյանը պարզաբանեց նաև, որ  ինքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցը չէ, և այդ նկարը կատարվել է հանդիպման ժամանակ։ Իսկ քաղաքականության մեջ ներգրավված չէ, քանի որ իր աշխատանքն այլ առաքելություն ունի։