Բացել լրահոսը Փակել լրահոսը
azgayin-joxov-2
A A
Քաղաքականություն

Թեժ քննարկումների առիթ դարձած 2 օրինագծերն էլ ԱԺ-ն ընդունեց

Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության դրվեցին խորհրդարանում քննարկված մի շարք օրինագծեր։ Սեպտեմբերի 13-ին բուռն քննարկումների առիթ դարձած՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացրած կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 74 կողմ, 11 դեմ, 17 ձեռնպահ ձայների հաշվարկով։

Մյուս օրինագիծը, որը նույնպես տարաբնույթ քննարկումների առիթ էր դարձել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի կողմից ներկայացրած՝ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նշենք, որ ըստ նախատեսվող փոփոխությունների՝ հնարավորություն է տրվում քաղաքացիներին տեսանկարահանել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն և օնլայն ռեժիմով փոխանցել Ոստիկանությանը։

Վարման կարգով ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, որը սեպտեմբերի 13-ին խիստ քննադատել էր օրինագիծը՝ շեշտելով, թե դրանով մարդկանց սովերեցնում են «գործ տալ»։ Նա կրկնեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու։ Օրինագծի ընդունմանը կողմ կքվեարկեն նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Օրենքի նախագիծն ընդունվեց 87 կողմ, 21 դեմ, 1 ձեռնպահ ձայների հաշվարկով։