Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է․ Ռ․ Քոչարյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը դատարանին խնդրեց առաջինը քննել Ռոբերտ Քոչայանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը, ինչն, ըստ իրեն, կապված է Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին կայացրած որոշման հետ։

Արամ Օրբելյանի խոսքով՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն, դատարանը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ բացառելու կամ եթե տեղի է ունեցել՝ վերացնելու անձի և քաղաքացու սահմանադրությամբ և այլ օրենքներով նախատեսված իրավունքների խախտումը։

Արամ Օրբելյանը, ներկայացնելով ՍԴ որոշումը, ընդգծեց, թե Սահմանադրության 35-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը առավել մանրամասն ներկայացրեց ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշումը և շեշտեց, որ միջնորդում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի։

«Ի շահ իրավունքի գերակայության՝ ի բարօրություն ՀՀ Սահմանադրական դատարանի երաշխավորման»,- ընդգծեց նա։

Միանալով պաշտպանի միջնորդությանը՝ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ։ Նա ընդգծեց, որ այս 1 տարվա ընթացքում այս գործով որևէ խախտման դեպք բաց չի թողնվել։

«Սա անձնավորված է, սա քաղաքական հետապնդում է և սա արվում է մի մարդու նկատմամբ, որը և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում․․․․ Մեկ-մեկ մտածում եմ, որ եթե քո նկատմամբ՝ նախկին նախագահի կարող են այսպիսի չարաշահում թույլատրել, գիտեք դատախազության համար ես մի բան եմ հասկանում, որ օրենքը կարծես թե «պլաստիլին» լինի, ոնց ուզես, մեկնաբանես, երբ որ օրենսդրական նախաձեռնության իրավունք չունեն։ Իմ տպավորությամբ՝ սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է»,- ասաց մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այս գործի մասին դասագրքերում գրվելու է՝ բացասական և դրական հերոսների մասնակցությամբ։

«Ես չեմ էլ կասկածում, թե ովքեր են դրա բացասական կամ դրական հերոսները։ Տվյալ դեպքում, դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս քրեական գործի պատմության մեջ»,- հավելեց նա։

Ռոբերտ Քոչարյանի ելույթից հետո լսվեցին նրա աջակիցների ծափահարությունները