Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այսօր լրանում է սեպտեմբերյան ահաբեկչական գործողությունների 18-րդ տարելիցը (տեսանյութ)

Միացյալ Նահանգներում այսօր նշում են 2Օ11 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 18-րդ տարելիցը, ահաբեկչական գործողություններ, որոնց Նյու Յորքում, Վիրջինիա ու Փենսիլվանիա նահանգներում զոհ գնաց գրեթե 3 հազար մարդ։

Սպիտակ տան արեւելյան մարգագետնում մեկ րոպե լռությամբ զոհերի հիշատակն են հարգել երկրի նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկինը։ Լռության րոպեն անցկացվել է այն նույն պահին, երբ 18 տարի առաջ առաջին օդանավը հարվածեց Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային աշտարակին։

Զոհերի հարազատներն ու բարեկամները հավաքվել են այդ շենքի վայրում, որտեղ զանգերի ղողանջների ներքո ընթերցվում են բոլոր զոհերի անունները։

Նախագահը մասնակցելու է Պենտագոնում անցկացվելիք արարողությանը, որտեղ այդ նույն օրն ալ-Քաիդայի ահաբեկիչներն իրականացրել էին հարձակումներից մեկը՝ հափշտակված օդանավով հարվածելով պաշտպանության նախարարության շենքին։ Չորեքշաբթի վաղ առավոտյան տանիքից Պենտագոնի վրա իջեցվեց ամերիկյան դրոշը։

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը մասնակցելու է Փենսիլվանիա նահանգի Շանքվիլում նախատեսված միջոցառմանը, որտեղ կործանվել էր ահաբեկիչների կողմից հափշտակված՝՝Յունայթեդ Էըրլայնզ՛՛-ին պատկանող օդանավը։

Հիշեցնենք, որ այդ օրը հարձակումներն իրականացվել էին ալ Քաիդայի տասնինը ահաբեկիչների կողմից, որոնք հափշտակել էին մարդատար 4 օդանավ։ Դրանից մի քանի օր անց էր, որ նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց պատերազմ ընդդեմ ահաբեկչության ու ներխուժում իրականացրեց դեպի Աֆղանստան։
ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշնակից ուժերը տապալեցին Թալիբանի իշխանությունն Աֆղանստանում, որտեղ մինչ օրս, սակայն, շարունակվում է հակամարտությունը՝ դառնալով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարատեւ պատերազմը։