Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հաստատվել է սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագիրը (տեսանյութ)

«Առողջապահության նախարարությունը, կարևորելով սրտանոթային հիվանդությունների բուժման առաջնահերթությունը, մշտապես համագործակցում է ոլորտի առաջատարների հետ»,- այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի բացման ժամանակ։

«Առողջապահության նախարարության կողմից վերջին մեկ տարում իրականացվել են ոլորտային բարեփոխումներ։ 2018 թվականին վերանայվել է «Ստենտ ֆոր լայֆ» ծրագիրը, ոչ դեղապատ ստենտի փոխարեն այժմ տեղադրվում է դեղապատ ստենտ։ 2019 թվականին ծրագրով արդեն կատարվել է 1300 վիրահատություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 32 տոկոսով։ Ինչպես նաև իրականացվել է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և  բուժման ծառայություններից օգտվողների ցանկի զգալի վերանայում։ Օրինակ՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր նպաստառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, զինծառայողների ծնողները, զինհաշմանդամները և այլն»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ առողջ հասարակություն ունենալու համար նախարարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։ Վերջերս հաստատվել է սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է բնակչության և բուժաշխատողների իրազեկում, բնակչության ռիսկային խմբերում զանգվածային սքրինինգի իրականացում, առողջ ապրելակերպի, մասնավորապես՝  ֆիզիկական ակտիվությանը խթանման ուղղված միջոցառումների կազմակերպում և այլն։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ կատարվելիք միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանում սրտանոթային հիվանդությունների արդյունքում մահացության  ցուցանիշը կնվազի առնվազն 5 տոկոսով։

«Սեպտեմբերի 29-ին՝ սրտի համաշխարհային օրվա առիթով նախատեսվում է իրականացնել «Սրտի շաբաթ» միջոցառումը, կազմակերպվելու են դասախոսություններ, զարկերակային ճնշման չափումներ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում, մամուլի ասուլիսներ և այլ միջոցառումներ»․ ասաց նա։