Քոչարյանի փաստաբանը ևս մեկ դիմում է մուտքագրել Առաջին ատյանի դատարան
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներ Հայկ Ալումյանը և Արամ Վարդևանյանն սեպտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հատարարել էին, որ խմբի մյուս անդամներ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը դիմում են մուտքագրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխման ու նրա նկատմամբ քրեական հետադնումը դադարեցնելու համար։
Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում Խուդոյանն ասաց, որ նույնաբովանդակ ևս մեկ դիմում է մուտքագրել Շենգավիթի Առաջին ատյանի դատարան, որպեսզի դատարանից դատարան փաստաթղթերի փոխանցման հարցում ձգձգումներ չլինեն։
Նշենք, որ այս քայլին փաստաբանական խումբը գնացել է, Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Դատարանն անդրադարձել էր Քոչարյանի դիմումին, որտեղ դիմումատուն խնդրել էր որոշել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները) և 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Բարձր դատարանը հակասահամանադրական էր ճանաչել 35-րդ հոդվածը՝ անձեռնմխելիություն ունեցող պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ընթացակարգի բացակայության հիմնավորմամբ, իսկ 135-րդի 2-րդ մասը՝ Սահմանադրությանը համապատասխանող։
Սրանից ելնելով՝ փաստաբանական խումբը հայտարարել էր, որ Քոչարյանի կալանքն և նրա նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է, և որ իրենց պաշտպանյալն անհապաղ պետք է ազատ արձակվի և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ գործառութային անձեռնմխելության հիմքով։
Նշենք նաև, որ անկախ փաստաբանական խմբի դիմումներից ու ՍԴ որոշումից՝ Քոչարյանի գործով նիստ արդեն իսկ նշանակվել էր սեպտեմբերի 12-ին․ նիստի նախագահությունը մակագրված է դատավոր Աննա Դանիբեկյանին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու (Քրեական օրենսգիրք 300․1 հոդված) և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու (ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) մեջ։