Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը, այնուամենայնիվ, հաղթահարեց իտալական փորձությունը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը առաջին մեծ անակնկալը մատուցեց Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում՝ սեփական դաշտում 4:2 հաշվով ջախջախելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:

Ինչպես նշել էինք, բուքմեյքերներն ավելի շատ հավատում էին բոսնիացի ֆուտբոլիստների հաղթանակին: Դրա համար մի քանի պատճառներ կային: Նախ, հյուրերի կազմում ավելի շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, քան մեր թիմում: Մասնավորապես, պաշտպան Սեադ Կոլաշինացը խաղում է Լոնդոնի «Արսենալում», Էմին Բիչակչիչը՝ գերմանական «Հոֆենհայմում»: Կիսապաշտպաններ Միրալեմ Պյանիչն ու Ռադե Կրունիչը ներկայացնում են համապատասխանաբար իտալական «Յուվենթուսն» ու «Միլանը», իսկ թիմի ավագ Էդին Ջեկոն՝ Հռոմի «Ռոման»: Հայաստանից թոփ հնգյակի թիմերում հանդես են գալիս Հենրիխ Մխիթարյանը, որը սեպտեմբերի 2-ին Լոնդոնի «Արսենալից» անսպասելի տեղափոխվել է Հռոմի «Ռոմա», և  Սարգիս Ադամյանը, ով այժմ հանդես է գալիս գերմանական «Հոֆենհայմում»:

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը transfermarkt.com-ի հաշվարկով արժե 160,15 մլն եվրո, իսկ Հայաստանի թիմը՝ 36,43 մլն: Բասնիացիները 5 տուրից հետո ունեն 7 միավոր, իսկ հայերը՝ 6: Բոսնիա և Հերցեգովինան գնդակների դրական բալանս ունի՝ 10:7, իսկ Հայաստանը՝ բացասական՝ 8:9: Բացի այդ, բոսնիացիները նախորդ խաղում առանց մեծ ջանքեր գործադրելու սեփական դաշտում 5:0 հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնին: Իսկ ահա մեր ֆուտբոլիստները սեփական դաշտում պարտվել էին Իտալիայի ընտրանուն (1:3)՝ ծախսելով հսկայական էներգիա և էմոցիաներ: Նման խաղերից հետո անչափ դժվար է վերականգնվել և կրկին պայքարի նետվել:

Օրինակ, ընտրական մրցաշարի 3-րդ տուրում Հունաստանի հավաքականը սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվել էր Իտալիային: Երեք օր անց հույներն արդեն հյուրընկալեցին Հայաստանին, և կրկին ձախողվեցին, քանի որ նրանք իրենց ողջ ուժերն ու էմոցիաները թողել էին իտալացիների հետ խաղում:

Բարեբախտաբար, մեր ֆուտբոլիստներն իտալացիների հետ ծանր խաղից հետո կարողացան ուժ գտնել իրենց մեջ և հաղթել այնպիսի դժվար և բարդ մրցակցի, ինչպիսին Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին է: Դրանում նախևառաջ օգնեց մարզական բախտը, քանի որ հանդիպման արդեն 2-րդ րոպեին Էդին Ջեկոն կարող էր բացել հաշիվը, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Բոսնիացիների մեկնարկային թափը  կոտրեց Հենրիխ Մխիթարյանը, որը մեկ րոպե անց իր նոր թիմակցին ցույց տվեց, թե ինչպես է պետք օգտագործել նպաստավոր պահը:

 

Սակայն, հայ երկրպագուների ուրախությունը երկար չտևեց, քանի որ տասը րոպե անց հյուրերը երկքայլանի կոմբինացի կազմակերպեցին և Ամեր Գոյակի փոխանցումից հետո Էդին Ջեկոն հանգիստ գրավեց մեր դարպասը:

 

Գոլը բավական ոգևորեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, որը աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը, սակայն Հայաստանն իր հերթին առիթը չէր կորցնում վտանգավոր հակահարված հասցնելու համար: Հատկապես վտանգավոր էր Տիգրան Բարսեղյանի հեռահար հարվածը, բայց հյուրերի դարպասապահը կարողացավ հետ մղել այն:

Առաջին խաղակեսի վերջնամասում բոսնիացիներն կրկին մոտ էին հաջողության, սակայն կրկին մարզական բախտը ժպտաց մերոնց: Նախ մեր դարպասապահ Արամ Հայրապետյանը հաղթող դուրս եկավ Մոհամեդ Բեշիչի հետ մենամարտում և ոտքերով ետ մղեց նրա վտանգավոր հարվածը, իսկ դրան հաջորդած անկյունայինի ժամանակ Էդին Ջեկոն մի փոքր շեղ հարվածեց գլխով:

Երկրորդ խաղակեսը ակտիվ սկսեցին մեր ֆուտբոլիստները, որոնք փորձում էին տարբեր հեռավորություններից գրավել մրցակցի դարպասը՝ բայց, ապարդյուն: Ավելին, առաջին լուրջ պահը ստեղծեցին բասնիացիները, որոնք հերթական եզրային գրոհը ձեռնարկեցին և Ամեր Գոյակը մոտ տարածությունից վտանգավոր հարված կատարեց, սակայն Արամ Հայրապետյանը հրաշքով փրկեց իր թիմի գոլից:

Խաղի 66-րդ րոպեին իր վարպետությամբ կրկին փայլեց Հներիխ Մխիթարյանը, որը փոխանցում ստանալով խաղընկերոջից, առանց հապաղելու գնդակն ուղարկեց դարպասի վերևի անկյունը: Թվում էր, թե խաղի ծանրության նժարը վերջապես թեքվեց տանտերերի կողմը: Իրականում, հակառակը ստացվեց: Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուց ընդամենը երեք րոպե պահանջվեց հաշիվւ հավասարեցնելու համար: Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակից Սեադ Կոլաշինացը միայնակ ճեղքեց մեր պաշտպանության աջ եզրը, ապա գնդակը փոխանցեց կենտրոն, և պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Ամեր Գոյակը հանգիստ գրավեց դարպասը:

 

Բոսնիացիները կրկին ակտիվանոմ են և սկսում մեծ ուժերով գրոհել: Հայաստանի հավաքականի դիմում է հակագրոհների մարտավարությանը: Դրանք գնալով վտանգավոր են դառնում: Եվ ահա, 77-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն իր արագության հաշվին մտնում է մրցակցի տուգանային հրապարակ և սուր փոխանցում կատարում, որը դիպուկ հարվածով եզրափակում է գրոհին միացած աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

 

Գոլից հետո բոսնիացիներն ամբողջ թիմով նետվում են առաջ, կրկին արագ հավասարություն հաստատելու համար: Գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին խաղադաշտ է դուրս բերում ևս մեկ հարձակվողի՝ Ռիյադ Բայիցչին: Հյուրերը գնալով մեծացնում են ճնշումը Հայաստանի դարպասի վրա: Տանտերերն ամբողջ թիմով անցնում են խորը պաշտպանության:

Հանդիպման մրցավարը հիմնական ժամանակին ավելացնում է 6 րոպե: Ամեր Գոյակը շոըտով վտանգավոր հարված է կատարում, բայց այն բարձր է ստացվում: Խաղադաշըում սկսվում է իսկական ճակատամարտ յուրաքանչյուր գնդակի ու մետրի համար: Եվ ահա, 90+5-րդ րոպեին, երբ բասնիացիենրն ամբողջ թիմով շարունակում էին գրոհել, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական արագ հակագրոհն է ձեռնարկում, ձախ եզրով մոտենում է մրցակցի դարպասին և անսպասելի փոխանցում մրցակցի ուղղությամբ, որը ընթացքից գրավում է սեփական դարպասը:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը իտալական ծանր փորձությունից հետո կարողացավ վերագտնել իրեն և հաղթահարել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու արգելքը, ինչը մերոնց հնարավորություն է տալիս շարունակելու պայքարը Եվրո-2020-ի եզրափակիչ ուղեգրի համար: Մնում է լավ պատրաստվել մնացած 4 խաղերին և նորանոր հաղթանակներ տոնել, այդ թվում ռևանշի հասնել Ֆինլանդիայում ու Իտալիայում: