Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arsen Babayan
A A
Քաղաքականություն

Պատգամավորը կարո՞ղ է գործել խմբակցության կազմից դուրս. մեկնաբանություն

Այսօր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր,  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, անկուսակցական Արման Բաբաջանյանը հայտարարել էր խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն չէր հստակեցրել` պատգամավորական մանդատը վայր կդնի, թե ոչ։

Այս կապակցությամբ «Ա1+»-ը զրուցեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ, ԱԺ հանրային կապերի վարչության նախկին պետ, իրավաբան Արսեն Բաբայանի հետ՝ իմանալու, թե արդյոք պատգամավորին օրենքով թույլատրվո՞ւմ  է գործել խմբակցությունից անկախ։  

Դիտարկմանը, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» Էդմոն Մարուքյանն ասել էր՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքը չի նախատեսում անկախ պատգամավորի ինստիտուտ, նա պատասխանեց․

«Խմբակցությունից դուրս գալով՝ նույն այդ հիմքով մանդատը վայր դնելը նույնպես նախատեսված չէ։ Իսկ պատգամավորը, քանի որ ինքնուրույն անկախ մարմին է, լինում է ուղղակի պատգամավոր և քանի որ խմբակցության մեջ չէ, կորցնում է հանձնաժողովում լինելու իր իրավունքը։ Այսինքն՝ օրենքը չի նախատեսել, եթե պատգամավորը խմբակցությունից դուրս է գալիս, պետք մանդատը վայր դնի, հետևաբար կարող է չդնել։ Որովհետև պետական մարմինը պարտավոր է անել այն, ինչն օրենքով է նախատեսված»։

Բաբայանը հավելեց, որ քանի որ ԱԺ հանձնաժողովներում տեղերը պատկանում են խմբակցություններին, խմբակցությունը հեռացած պատգամավորին փոխարինում է մեկ ուրիշ պատգամավորով։

«Խմբակցությունը ԱԺ նախագահին գրություն կուղարկի, որ փոխում է իր պատգամավորին և ուրիշ պատգամավորի կներգրավի հանձնաժողովում»,- ընդգծեց նա։

Իրավաբանի խոսքով՝  անկախ է, թե ոչ, պատգամավոր է, ինքնուրույն պատգամավոր, որ ներկայացնում է ժողովրդին։

«Ցանկացած պատգամավոր առանձին, ժողովրդից ստացած իր մանդատով է օժտված։ Իր խմբակցության առջև չունի օրենսդրական պարտականություններ, որովհետև ինքն ունի իր պատգամավորական լիազորություններն առանձին։ Կշարունակի մնալ պատգամավոր, եթե չորոշի ինքնակամ հրաժարվել»,- եզրափակեց Արսեն Բաբայանը։ 

Հիշեցնենք, որ Բաբաջանյանի հայտարարությանն անմիջապես պատասխանել էր «Լուսավոր Հայաստան»-ը ՝ ակնկալելով, որ նա սկզբունքայնություն կդրևորի ու վայր կդնի դաշինքի կազմում ստացած մանդատը։

Այնուհետև ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր, որ խորհրդարանական կառավարման երկրում յուրաքանչյուր խմբակցություն ձևավորվում է ընտրությունների միջոցով, և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը չի նախատեսում անկախ պատգամավորի ինստիտուտ։

Լրագրողի հարցին՝ եթե Բաբաջանյանը չհրաժարվի մանդատից, ինչ է անելու խմբակցությունը, Մարուքյանը պատասխանել էր, որ խմբակցության հայտարարությունն ուժի մեջ է։ «Մենք ասել ենք մեր ակնկալիքը»,- ընդգծել էր նա։   

Նշենք, որ «Ա1+»-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն ասել էր, որ համամասնական ցուցակով հաջորդը «Նոր Բայազետ» ընկերության տնօրեն, իրավաբան Մկրտիչ Մակարյանն է։ 

Մակարյանը պատգամավորի ռեյտինգային թեկնածու էր Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։ Եթե Բաբաջանյանը հրաժարվի մանդատից, ապա նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Մակարյանը։