Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչո՞ւ են հայ փախստականները Գերմանիայից վերադարձվում Հայաստան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը «Ա1+»-ից հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ երեկ Գերմանիայից չարթերային չվերթով մարդիկ են հարկադիր վերադարձվել Հայաստան։

«Սա այս տարվա երկրորդ դեպքն է արդեն, և սա վերջին մի քանի տարիների համար ընդհանուր է, այսինքն՝ 2016, 2017, 2018 և այս տարի բոլոր տարիների ընթացքում մենք ունենում ենք չարթերային թռիչքներով հարկադիր վերադարձի դեպքեր»,- շարունակեց Դավթյանը։

Հարկադիր հետ վերադարձի պատճառի երկու հանգամանք նա առաձնացրեց․ մեկը՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, որի հետևանքով երկիրը դասվել է ավելի ապահով  երկրների շարքը, և այլևս փախստականների հիմքերը գրեթե հավասարվել են զրոյի, այսինքն՝ քաղաքացիները ապաստան ստանալու հայցերը մերժվում են, նրանք հայտնվում են անօրինական միգրանտի կարգավիճակում, զգուշացվում են երկիրը լքելու մասին, իսկ եթե չեն լքում, դրան հաջորդում է հարկադիր վերադարձը։

Երկրորդ հանգամանքը, ըստ Դավթյանի, այն է, որ Եվրամիության կողմից միգրացիոն քաղաքականության խստացումն է ԵՄ երկրներում՝ ի դեմս գերմանական իշխանությունների․

«Մեզ հայտնի միգրացիոն ճգնաժամերով, մասնավորապես `սիրիական պատերազմի հետևանքները, Գերմանիայում հայտնվել են մեծ թվով փախստականներ, որոնք իրենց կյանքը փրկելու համար են այնտեղ և ստանում են փախստականի կարգավիճակ, իսկ մեր և մի շարք այլ երկրների քաղաքացիները մերժվում են, որովհետև կարգավիճակի հիմքերը բացակայում են»։

Այս կապակցությամբ կառավարությունը, խոսնակի փոխանցմամբ, ի դեմս Միգրացիոն ծառայության՝ մշակում է հրատապ աջակցության ծրագիր, ծառայությունում այս տարվա փետրվար ամսից գրասենյակ է գործում, որը կոչվում է «Վերադարձի և ինտեգրման բաժին»։ 

«Հրատապ աջակցություն ասելով՝ նկատի ունենք լրացնելու այն բացը, որ հիմա առկա է ոլորտում։ Մոտ մեկ տասնյակ հասարակական և  միջազգային կազմակերպություններ աջակցում են կամավոր և հարկադիր վերադարձներին՝ տրամադրելով տարբեր տեսակի աջակցություններ։ Փաթեթի ծառայություններից են՝ բուժզննումը, բիզնեսի հիմնադրման աջակցությունը, մասնագիտական վերապատրաստումը, բնակվարձի փոխհատուցումը, բայց այդ ամենն ամիսներ է տևում։ Մինչև ձևակերպվում է, գրանցվում են, ստուգվում են։ Մենք ցանկանում ենք առաջին իսկ պահից աջակցել վերադարձողներին՝ մինչ այդ ծրագրից օգտվելու հնարավորություն ստանալը»,- մանրամասնեց նա։

Միգրացիոն ծառայության խոսնակը հավելեց, որ ակնկալվում է, որ մինչև 2020 թվականի առաջին հատվածը պետք է ծրագիրը հաստատվի և ուժի մեջ մտնի։ Նա դժվարացավ նշել վերադարձած մարդկանց թիվը, քանի որ տեխնիկապես չեն կարող։ 

Ծառայության փոխանցմամբ՝ ըստ այս տարվա ռեադմիսիոն հայցերի՝ առաջին կիսամյակում ստացվել է մոտավորապես կեսը ինչ-որ անցյալ ամբողջ տարվա ընթացքում, այսինքն դինամիկան նույնն է։ Անցյալ տարի եղել է 1000 հայց 2000 անձանց վերաբերյալ (մոտ մեկ տասնյակով կլորացված), այս տարի գրանցվել է մոտ 500 հայց 1000 անձանց վերաբերյալ։

«Դա նշանակում է, որ ԵՄ երկրներից և Եվրասիական տնտեսական միության երկրներից միայն Ռուսաստանից (այն երկրները, որոնց հետ Հանրապետությունն ունի ռեադմիսիոն համաձայնագիր) ուղարկում են տարբեր անձանց տվյալներ և խնդրում են հաստատել, որ իրենք ՀՀ քաղաքացի են։

«86 տոկոսով մոտավորապես հաստատել ենք, իսկ այն դեպքերում, որ չի հաջողվել հաստատել, նույնականացնել, բացահայտվել է, որ ՀՀ քաղաքացի չեն, չի հաստատվել»,- շեշտեց Դավթյանը։

Դա նշանակում է, որ այդքան մարդ  ենթակա է վերադարձի․ վերադարձը կարող ձգձգվել որոշ ժամանակով, օրինակ, երբ անձը առողջական խնդիրներ ունի ճանապարհ դուրս գալու համար կամ թաքնվել է, փախուստի է դիմել, ինքնակամ է վերադառնում․ այս դեպքերում ՄԾ վերահսկելու հնարավորություն չունի։    

Դավթյանի փոխանցմամբ՝ Միգրացիոն ծառայությունում կա նաև «Մեկ պատուհան» ծառայությունը, խորհրդատուն կարիքների գնահատում է իրականացնում, ուղղորդում է այս կամ այն ծրագրին, մինչև որ հրատապ աջակցության ծրագիրն ուժի մեջ կմտնի։ Այս պահին տեղեկություններ չունեն, թե չարթերային թռիչքով այլ վերդարձնողներ կա՞ն, թե՞ ոչ։ 

Հարցին, թե վերադարձողների մեջ հիմնականում առողջական խնդիրներ ունեցողնե՞ր են, նա պատասխանեց, որ ոչ, հիմնականում՝ սոցիալ-տնտեսական խնդիրների հիմքով երկիրը լքած անձինքն են։

«Բայց ես ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել հետևյալ գործընթացի վրա։ Մեր ժողովրդի մեջ կա տարածված արտահայտությունը՝ «գնացել են՝ հանձնվելու տվյալ երկրների իշխանություններին»։ Ինչ է դա նշանակում․ նշանակում է միջազգային պաշտպանություն խնդրել, որովհետև հալածվում են մեր երկրում, և իրենք ստիպված պատմում են այնպիսի պատմություններ, որ պետք է ապացուցեն, որ այո՝ իրենք Հայաստանի իշխանությունների կողմից հետապնդվում են և հիմնավոր երկյուղ ունեն իրենց իրավունքների և ազատությունների համար, որպեսզի տվյալ երկրի իշխանությունն իրենց փախստականի կարգավիճակ տա»։

Խոսնակն ընդգծեց, որ սոցիալ-տնտեսական և առողջապահական պատճառաբանումներն այս ինստիտուտում չեն ներառվում․

«Եթե մարդը գնում է բուժվելու նպատակով, նա դատապարված է վերադառնալու»։

«Մարդը գնում է, իր պատմությունը պատմում է, դիմումը քննվում է, որը կարող տևել նաև ամիսներ կամ նույնիսկ 24 ժամ, իսկ մինչ սիրական ճգնաժամը՝ ընդհուպ մինչև 2 տասնյակ տարի, իսկ այս ամբողջ ընթացքում Գերմանիայի իշխանությունը որոշում է փախստականի կարգավիճակ տալ, թե ոչ, անձը պետության հաշվին բուժվում է, օգտվում է մի շարք ծառայություններից, այդ թվում՝ բուժզննումից»։

Օրինական ճանապարհով Եվրոպայում հայտնվելու համար, շարունակեց Դավթյանը, պետք է լինի կամ ընտանիքի վերամիավորում, այսինքն՝ ամուսնություն ԵՄ-ում օրինական ապրող քաղաքացու հետ, կամ փախստականի կարգավիճակ, կամ ուսման նպատակով աշխատաշուկա, այսինքն՝ սահամանփակ են դեպքերը։

«Մնացյալ ուղիները զարտուղի և անօրինական ճանապարհներն են»։

«Փախստականի կարգավիճակը մշտական  չէ, երեք տարին մեկ վերանայվում է, հիմա արդեն շատ-շատ անձանցից հետ է վերցվում կարգավիճակը, որովհետև համարվում է, որ առավել ապահով պետությունն և կարգավիճակ տալու հիմքերը չեզոքացել են։ Իրենք 2-3 անգամ զգուշացվում են,  ծանուցվում, փաստաթղթավորում է լինում։ ՀՀ վերադառանալու համար ֆինանսապես օգնություն են ստանում, բնակվարձ են ստանում։ Եթե կամավոր են, վերադարձն ավելի հեշտ վերաինտեգրման ճանապարհ է, քան հարկադիր վերադարձը»,- եզրափակեց մամուլի քարտուղարը։