Եվրոպան ցնցեց ոչ թե Նեյմարը, այլ՝ Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական ֆուտբոլի 2019թ ամառային տրանսֆերային փուլն եզրափակվեց ոչ թե աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի, այլ Հայաստանի հավաքականի ավագի անակնկալ տեղափոխությամբ:
«Հին աշխարհի» ԶԼՄ-ները երեք ամիս շարունակ խոսում և գրում էին Փարիզի «ՊՍԺ»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի Իսպանիա տեղափոխման մասին: Սակայն այդ գործարքն այդպես էլ չկայացավ, քանի որ ֆրանսիական ակումբը շատ թանկ գին էր պահանջում ֆուտբոլիստի դիմաց, բացի այդ բրազիլացին վերջին ժամանակներին հաճախ է վնասվածք ստանում և բաց թողնում խաղերը: «Բարսելոնան» ու «Ռեալը» այդպես էլ չցանկացան դառնալ նման գործարքի մասնակից:
Իսկ ահա Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալից» դեպի Հռոմի «Ռոմա» պարզապես ցնցել է Եվրոպան: Բանն այն է, որ սեպտեմբերի 1-ին հայազգի կիսապաշտպանը իր թիմին օգնել էր ոչ-ոքի խաղալու «Տոտենհեմի» հետ սկզբունքային մրցավեճում, իսկ ահա արդեն 2-ին նա իր կնոջ հետ ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ և պայմանագիր կնքել տեղի «Ռոմայի» հետ՝ մեկ օրում «զինագործներից» վերածվելով «գայլերի» (այդպես են անվանում հռոմեական ակումբի ֆուտբոլիստներին Իտալիայում):

Բնականաբար հարց է ծագում, արդյո՞ք դա առաջընթաց է հայազգի ֆուտբոլիստի համար, թե հակառակը՝ լիովի հետընթաց: Դա արդեն կապված է այն բանից, թե ինչ տեսանկյունից ենք դիտարկում այդ տրանսֆերը:
«Ռոման» Իտալիայի առաջատար ակումբներից մեկն է և միշտ բարձր նպատակներ է հետապնդում: Վերջին 10 մրցաշրջաններում հռոմեական ակումբը 4 անգամ զբաղեցրել է 2-րդ տեղը, երկու անգամ՝ 3-րդ: Իտալիայի անցած առաջնությունում «գայլերը» գրավել են 6-րդ տեղը:
«Ռոման», ինչպես և «Արսենալը», ընթացիկ մրցաշրջանում մասնակցելու է Եվրոպայի լիգայի խմբային փուլին: Այստեղ իտալացիների մրցակիցները կլինեն Մյոնխենգլադբախի «Բորուսիան», ավստրիական «Վոլֆսբերգերը» և թուրքական «Բաշաքշեհիրը»:
«Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել պորտուգալացի մասնագետ Պաուլո Ֆոնսեկան, որը մինչ այդ Դոնեցկի «Շախտյորին» երեք տարի շարունակ դարձրել էր Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր: Թիմում հանդես են գալիս այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են բրազիլացի Ժուան Ժեզուսը, անգլիացի Քրիս Սմոլինգը, սերբ Ալեքսանդր Կոլարովը, բոսնիացի Էդին Ջեկոն, արգենտինացի Խավիեր Պաստորեն, հոլանդացի Ջաստին Կլույվերտը, Իտալիայի հավաքականի անդամներ Ալեսանդրո Ֆլորենցին, Բրիան Կրիստանտեն ու Նիկոլո Ձանյոլոն:
Ճիշտ է, ֆուտբոլային հոռետեսները կարող են նշել, որ Իտալիայում խաղալն ավելի հեշտ է, քան Անգլիաում, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Նախ Ա սերիայում թիմերը շատ ուժեղ են տակտիկապես: Այդ իսկ պատճառով շատ դժվար է գրավել մրցակիցների դարպասը: Դա իր մաշկի վրա զգացել է անգամ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիշտիանու Ռոնալդուն, որը Մադրիդ «Ռեալում» միշտ 30-ից ավելի գոլ էր խփում, իսկ ահա «Յուվենթուսում» աչքի է ընկել ընդամենը 21 անգամ: Բացի այդ, այս տարի Անգլիայից Իտալիա են տեղափոխվել մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներ, օրինակ, Ռոմելու Լուկակուն, Գոնսալո Իգուաինը: Դա վկայում է Ա սերիայի հանդեպ հետաքրքրության բարձրացման մասին:
Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանությունն է տվել իտալական «Ռոմա» տեղափոխությունից հետո:
«Հայտնվել այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռոման» է, հիանալի հնարավորություն է, նոր էջ իմ կարիերայում: Ես գիտեմ, թե սա ինչ ակումբ է, և վստահ եմ, որ մենք գերազանց արդյունքների կհասնենք միասին», - Մխիթարյանի խոսքերն է մեջբերել «Ռոմայի» պաշտոնական կայքը:
Կարծում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա իտալական ֆուտբոլին և հռոմեական թիմին հարմարվելու հարցում, քանի որ նա վաղուց է հանդես գալիս բարձրակարգ առաջնություններում եւ թիմերում, բացի այդ խնդիրներ չունի կապված շփման հետ, քանի որ տիրապետում է 7 լեզուների, այդ թվում իտալերենին:
Հիշեցնենք, որ արդեն վաղտ Հենրիխը կլինի Հայաստանում՝ մասնակցելու հավաքականի մարզումներին:
Հաջողություն ցանկանանք մեր ֆուտբոլիստին նոր թիմումՙ :