Բացել լրահոսը Փակել լրահոսը
69430931_734348727012827_1926910650416627712_n
A A
Հասարակություն

Ինչպե՞ս երիտասարդին հաջողվեց Հաթերքը էկոտուրիզմի կենտրոն դարձնել (տեսանյութ)

Մոտ 2 տարի առաջ Արցախի Հանրապետության Հաթերք գյուղի բնակիչ, Բժշկական համալսարանի շրջանավարտ Սամվել Միրզախանյանն ու նրա ընկերը որոշեցին զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրել Արցախի վրա։

Սկզբում Սամվելը դիմել է ընկերների օգնությանը, բայց պատասխանը բացասական է եղել, քանի որ տեսլական չեն ունեցել։ Սամվելը չի ընկճվել և ստեղծել է «Էկոտուրիզմ Արցախում» նախաձեռնությունը և «Հզոր Հաթերք» ծրագիրը, որի նպատակն էր շենացնել պատմական Հաթերքը։

Երիտասարդ գործարար Սամվել Միրազախանյանն անկեղծանում է՝ գյուղացիները սկզբնական շրջանում թերահավատորեն էին վերաբերվում, թե ինչպես է հնարավոր տուրիստներ բերել։

2018 թ․ հունիսին Սամվելն ու նախաձեռնության մյուս անդամները որոշեցին հուլիսին Ժենգյալով հացի փառատոն կազմակերպել։

«Այցելուների քանակը գերազանցեց մեր սպասելիքները։ Մոտ 1500-ից 2000 այցելու էինք սպասում,  բայց ունեցանք ավելի քան 4000 այցելու։ Ունեիք 15 տաղավար, բնակչությունը ևս պատրաստ չէր այդ քանակի այցելու հյուրընկալել»,- ասաց Սամվել Միրզախանյանը։

Գյուղացիներին փառատոնը դուր էր երկել, որովհետև կարողացել էին գումար վաստակել։ Սամվելի խոսքով՝ գյուղացիները սկզբնական շրջանում կարծել են, թե հացը պետք է հյուրասիրեն, և ոչ թե վաճառեն, դրա համար էլ մասնակցության շահագրգռվածությունը այդքան էլ շատ չի եղել։

«Ովքեր որ առաջին տարին չմասնակցեցին, դիմում էին մեզ, որ հաջորդ տարի նույնպես փառատոնն անցկացվի, և իրենք մասնակցեն»,- նշեց երիտասարդ գործարարը։

Հաթերքում Ժենգյալով հացի 2-րդ փառատոնը տեղի է ունեցել այս տարի մայիսի 11-ին։ Այս անգամ փառատոնի կազմակերպիչներն ունեին 6 ամիս ժամանակ պատրաստվելու համար։ Տաղավարների քանակը այս անգամ գերազանցում էր  120-ը, իսկ այցելուների թիվը 12 000-ից ավել էին։

Թեև Ժենգյալով հացի փառատոնները  մեծ թվով այցելուներ  բերեցին Արցախ, այնուամենայնիվ Սամվել Միրզախանյանը մատնանշում է մի քանի խնդիր։

«Առաջին խոչընդոտը ճանապարհներն էին։ Առաջին փառատոնի ժամանակ հետաքրքրություն ցուցաբերած հյուրերը չէին կարողացել ժամանել Հաթերք։ Փառատոնից հետ հարցը բարձրացրեցինք  գյուղի ղեկավարության մոտ, բարեբախտաբար մեր հարցը  լուծում ստացավ, և սկսվեց  Գետավան-Հաթերք ճանապարհի ասֆալտապատումը, որը ցավոք 2-րդ փառատոնին դեռ չէր հասել Հաթերք, բայց այս պահին  մնացել է վերջին 1 կմ ասֆալատապատումը»,- ընդգծում է Սամվել Միրզախանյանը։

2-րդ փառատոնին խնդիր է առաջացել նաև մեքենաների կայանման հետ։  Սպասվածից շատ այցելուներ էին եկել, և մեքենաները կայանելու տեղ չկար։

Գյուղում նաև ջրամատակարարման խնդիր կա, ըստ Սամվելի՝ այժմ աշխատանքներն են կատարվում ջրամատակարարման  ցանցը բարեկարգելու ուղղությամբ։ Սամվելի խոսքով՝  Ժենգյալով հացի 3-րդ փառատոնին ամեն ինչ կանեն, որպեսզի զբոսաշրջիկների համար խնդիրներ չլինեն։

Փառատոնները կազմակերպելուն, նախաձեռնությանը ֆինանսապես աջակցություն են ցուցաբերել արտերկրում գտնվող հաթերքցի գործարարները։ 

Ժենգյալով հացի փառատոնը լինելու  է ամենամյա։ 2020 թ․ցանկանում են փառատոնը 2 օր անցկացնել։

 Ի դեպ, Հաթերքում 4 հյուրատուն կա, այցելողները փառատոնի ընթացքում օգտվում են հյուրատների ծառայություններից, ինչպես նաև հաթերքցիներն են  հյուրընկալում իրենց տներում։

«Մայրս գումար էր տվել, որպեսզի ոսկե շղթա գնեմ ինձ համար, սակայն այդ գումարով տանը համապատասխան պայմաններ ստեղծեցի, և բացեցի «Հաթերք» հյուրատունը։ Առաջին տուրիստներն ունեցանք Ժենգյալով հացի փառատոնին»,- վերհիշեց Սամվելը։

Նախատեսել են, որ մյուս տարի անցկացվող փառատոնին զբոսաշրջիկները գիշերեն Հաթերքում։

Ի դեպ, Սամվելը նաև մեղվաբուծությամբ է զբաղվում։ Նա ստեղծել է  «Հաթերքֆուդպրոդուկտը»։ Սամվելը շեշտում է, որ մեղրով ընդեղենը մեծ տեղական պահանջարկ ունի, այդ պատճառով էլ չեն կարողանում արտահանել։