Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հաթերքում թխվեց ամենաերկար Ժենգյալով հացը (տեսանյութ)

Հորդառատ անձրեւից հետո Հաթերք` ժենգյալով հացի փառատոնի վայր հասնում ես ցեխոտված։ Ոստիկանը կանգնեցնում է մեքենան,  թե վերեւում արդեն տեղ չկա։Ժամը 12-ին որոշ տաղավարներում արդեն ժենգյալով  հաց չկա։Առաջարկում են շոռ գնել,այսինքն` կաթնաշոռով հաց։

Իննսուն հատ վաճառեցի,-ասում է մի կին։

Շատերն անգամ չեն հասցնում ամենաերկար` 3մ 3սմ-ոց ժենգյալով հացի ֆոնին լուսանկարվել. այն բաժանվում է հյուրերին։

Համառները հերթ են կանգնում` հուսալով,թե գոնե մեկ հատ ժենգյալով հաց կգնեն։ Քառասուն րոպե կանգնելուց հետո տեղեկանում են` վերջացավ։ Մի տեղ խմորն է վերջացել, մյուսում` կանաչին։

Արցախյան ամենահայտնի ուտեստը համտեսելու համար Հաթերք էին եկել սպասվածից ավելի զբոսաշրջիկներ։ 

Տեղացիներն ասում են` եղանակն էլ անձրեւոտ է եղել եւ չեն հասցրել բավականաչափ բանջար հավաքել։

Ժենգյալով հաց են տեղում պատրաստում ոչ միայն Հաթերքի, այլեւ հարեւան համայնքների բնակիչները։

Մարտակերտի բուժկենտրոնի աշխատակիցներն էլ են մասնակցում փառատոնին։ Երբ ժենգյալով հացը վերջանում է,սկսում են խաչապուրի վաճառել։

Մասնակցության համար բնակիչները վճարել են հինգ հազար դրամ։ ժենգյալով հացը վաճառում են հինգ հարյուր դրամով։ Գինին կազմակեպիչները բաժանում են անվճար։

Տեղում Երեւանից բավականին ցածր գնով կարելի է տնական օղի եւ գինի գնել։

Կազմակերպիչները նպատակ ունեն այսպես Հաթերքում զարգացնել էկոտուրիզմը՝ խթանելով  գյուղմթերքի արտադրությունը: 

Փառատոնից որոշակի հասույթ կհատկացվի Հաթերքի խնդիրների լուծմանը ,որոնք բավականին շատ են։ Գյուղը գազաֆիկացված չէ։Ճանապարհները ասֆալտապատ չեն։

Ի դեպ, փառատոնի մշակութային մասին բացի տեղական համույթներից մասնակցեցին նաեւ երգչուհի Շուշան Պետրոսյանն ու փոքրիկ Միշան` Միքայել Գրիգորյանը։

Շուշան Պետրոսյանը հրաժարվեց հարցազրույց տալ։Իսկ Միշայի հետ զրույցը կներկայացնենք առաջիկայում։