Բացել լրահոսը Փակել լրահոսը
69663450_401818740473603_1941408574517280768_n
A A
Հասարակություն

Ծնողները դժգոհում են գիշերօթիկները լուծարելու կառավարության առաջարկից

Գիշերօթիկները լուծարելու կառավարության առաջարկի հետ Գյումրիում համաձայն չեն։ Դժգոհ են ինչպես գիշեօթիկ հաստատությունների աշխատակիցները, այնպես էլ այդ հաստատություններում խնամվող երեխաների ծնողները:

Առաջարկն ընդունվելու դեպքում «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն»-ում գործազուրկ կդառնա 75, իսկ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն»-ում՝ 73 աշխատակից: Առաջինում ներկա պահին գրանցված է եւ խնամվում է 63, երկրորդում՝ 69 երեխա:

Հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցները վստահ են, որ  որոշումը չի բխի երեխայի լավագույն շահից: Նաեւ ծնողներն են բողոքում: Նրանց մեծ մասը պնդում են, որ երեխաներին ընտանիք վերադարձնելու կառավարության քայլը հանգեցնելու է  վատ հետեւանքների: Իսկ հաստատություններում երեխաները հեռու են մուրացիկությունից, հանցավոր միջավայրից, հանրակրթությունից դուրս մնալու վտանգ չկա:

«Ես օրինակ, չեմ կարող իմ երեխային տանը պահեմ: Ապահովված չեմ ոչնչով, տունս տնակ, աշխատանք էլ հազիվ գտել եմ: Հմի որ էդ երեխեն եկավ տուն, ես էլ չեմ աշխատի, իրան ես դպրոց բդի տանիմ, հետ բերեմ, դասերը սորվցնեմ, շոր ու կոշիկ առնիմ, կերցնեմ, ու չիդեմ՝ կկարողանամ գիշերօթիկի նման ապահով պահեմ, թե չէ: Ձմեռը տունը ցուրտ, սառնամանիք է, կռիսները մեջը, առանց բաղնիք, իսկ ընդեղ ես ապահով եմ, իմ երեխես խմբակների կերտա, նորմալ կապրի, շաբաթվա մեջն էլ կտեսնինք, շաբաթ-կիրակի էլ իրանք գուկան տուն: Հմի հանեն, ճամփեն տուն, ես ինչ բդի ենեմ, ինչքան գուզեն փող տան, ըդիկ հարցի լուծում չէ»- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց երեխաներից մեկի մայրը:

Տիկնոջ հետ շատերն են համամիտ: Ասում են՝ թող չստեղծվի տպավորություն, որ չեն ուզում իրենց երեխաներին տուն տանել: Խնդիրն այն է, որ չեն կարողանալու երեխաների համար բովանդակալից, առողջ կյանք ապահովել, դպրոց տանել, նորմալ հագուստ-կապուստ գնել, բավարար սնունդ եւ հոգեբանական անդորր ապահովել:

«Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն»-ում խնամվող  63 երեխայից ընտանիք վերադառնալ չի կարող 35-ը:  

«Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն»-ում եւս կան երեխաներ, որոնց տուն ուղարկելը ռիսակային է:

Երկու հաստատությունների ղեկավարներին էլ նախապես  հրահանգված է եղել, որ սեպտեմբերի 1-ից այլեւս նոր երեխաներ չընդունեն: Դրանից բացի, այն երեխաները, որոնք ամառային արձակուրդի ժամանակ տուն են գնացել, այլեւս գիշերօթիկներ չեն վերադառնա: Կմնան իրենց ընտանիքներում՝ ավելորդ սթրեսի չենթարկվելու համար: Միեւնույնն է, կարճ ժամանակ անց կրկին ընտանիք են վերադառնալու:

Այն երեխաները, որոնց վերադարձն ընտանիք անիրատեսական է եւ ռիսկային, կմնան նոր ձեւավորվող կենտրոնում: Խոսքը մոտ 70 երեխայի մասին է:

Գիշերօթիկների աշխատակիցները պատասխանատու օղակներին նամակներ ու դիմումներ են գրել, նաեւ Գյումրու օրվա տոնակատարության ժամանակ են կարողացել նամակ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Խնդրի կարգավորման մեծ հույս չունեն, սակայն շարունակելու են պայքարել, որ Գյումրիում փակվող գիշերօթիկ չլինի:

Նրանք նաեւ մեկ նամակ էլ ուղղել են Մարդու իրավունքների պաշտպանին, որում մասնավորապես գրված է.

«Հուլիսի կեսին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի հետ կայացավ հանդիպում-քննարկում գիշերօթիկների բեռնաթափման վերաբերյալ, ներկայացվեց որոշում-նախագիծ, տրվեց մանրամասն բացատրություն հաստատությունների սաների կարգավիճակի եւ աշխատակիցների սոցիալական վիճակի մասին: Սակայն հիմա եկել է բանավոր մի որոշում, որով ոտնահարվում են ոչ միայն հաստատությունների սաների ու ծնողների, այլեւ հաստատությունների աշխատակիցների իրավունքները: Սաները հայտնվելու են փողոցում, ավելանալու են գողության, մուրացկանության, անբարոյականության դեպքերը: Ինչպես նաեւ անորոշության մեջ են մնում աշխատակիցները, ովքեր ավելացնելու են գործազուրկների բանակը: Ո՞վ է պաշտպանելու մեր իրավունքը»,- նշել են գիշերօթիկների աշխատակիցները:

Թե կառավարության առաջարկը Գյումրիում ինչպես է կյանքի կոչվելու, պարզ կդառնա ընդամենը մի քանի օրից: