Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պարսյան
A A
Տնտեսություն

Տնտեսագետը Փաշինյանի գրառումը ժամանակավրեպ է համարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով գրառմանը, ասաց, որ վարկանիշի բարձրացման հիմնական պատճառն այն է, որ այս տարվա, այս ամսվա դրությամբ Հայաստանի վարկային բեռը նվազել է, այսինքն՝ ավելի արագ է պետությունը մարել վարկը, քան վերցրել։ 

«Բայց տարվա վերջ մեր վարկային բեռը նորից բարձրանալու է, հետևաբար ինչ-որ ամսվա կամ տարվա կեսի դրությամբ որևիցե գնահատական տալը այդքան էլ ճիշտ չէ, քանի որ տարվա վերջ մենք դարձյալ ունենալու ենք նախորդ տարվա համեմատ ավելի շատ վարկային բեռ։ էս պահին դրանով ոգևորվել, ինչ-որ գնահատականներ տալ աշխատանքի համար, ճիշտ չէ, ուղղակի ժամանակավրեպ է»,- ընդգծեց տնտեսագետը՝ հավելելով, որ այդ վարկային բեռն ավելանալու է 2020 թվականին ավելի արագ տեմպերով, քանի որ  ստիպված ենք լինելու մարել մեր վարկային տոկոսները։

Հայաստանի տնտեսության դիմադրողականության մասով տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն ասաց, որ դիմադրողականության հիմնական ցուցանիշը «Մուդիզ»-ը չափում է վարկային բեռ-Համախառն ներքին արդյունք հարաբերակցության ցուցանիշով, իսկ այդ ցուցանիշը մեզ մոտ նվազել է այս ամսվա դրությամբ, բայց այս տարվա վերջին հարաբերակցությունը նորից բարձրանալու է։ 

«Նաև էական նշանակություն ունի հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը․ այդ ցուցանիշով ևս այս տարի մենք բավականին զգալի արդյունք ունենք․ դա էլ են իրենք հաշվի առել, ու ընդհանուր ամփոփել են, կոնկրետ իրավիճակի պահով բարձրացրել են իր ռեյտինգը»,- մանրամասնեց նա։ 

Գործադիր մարմնի ղեկավարը նաեւ կարևոր էլ էր այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ մեծանում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ, և էականորեն բարելավվում  Հայաստանի ներդրումային գրավչությունը։

Այս կապակցությամբ տնտեսագետն ասաց, որ ներդրումային գրավչության վրա բազմաթիվ գործոններ են  ազդում․ մասնավորապես շատ կարևոր է մարդկանց գնողունակության աճը, քանի որ ցանկացած ներդրողի համար շատ կարևոր է իր ապրանքը, որ արտադրվում է, արտադրվելու է այդ երկրում․ «Իսկ գնողունակությունը այս տարվա ընթացքում զգալիորեն նվազել է»։ 

Պարսյանն այլ ցուցանիշներ ևս նշեց, որոնք ներդրումների հոսքի վրա ազդում են։

«Օրինակ մի քանի ամիս առաջ «Քեմբրիջ Անալիթիքս»-ը նշել էր Հայաստանը բարձր քաղաքական ռիսկ ունեցող երկրների շարքում է, և դրա հետևանքով բացասական ազդանշան էր գրանցել օտարերկրյա ներդրողների համար։ Որ Հայաստանում, օրինակ, ներդրողները ապահովված չեն քաղաքական ռիսկերից։ Այս իշխանությունները ևս բազմաթիվ անգամ կապել են քաղաքական գործընթացները տնտեսական գործընթացների հետ։ Օրինակ՝ եթե խորհրդարանը չփոխվի, ներդրողները չեն գա, եթե տվյալ մարդը չպատժվի, ներդրողները չեն գա, չեն լինի և այլն, և այլն»։

Այս կերպ, ըստ նրա, կառավարությունը փորձում է քաղաքական պրոցեսները կապել տնտեսականի հետ՝ դրանով իսկ բացասական ազդանշան տալով օտարերկրյա ներդրողներին, ում ընդհանրապես հետաքրքիր չէ՝ Հայաստանում ով է իշխանության, քանի որ ներդրողներին պետք են իրենց ներդրումների համար երկարաժամկետ երաշխիքներ։

«Մենք ունեցել ենք վարկեր (պարտքեր) - ՀՆԱ հարաբերակցության մինչև 59 տոկոս, դրանից ավելին չենք ունեցել։ Հիմա նվազել է, 56 տոկոս է, եթե չեմ սխալվում։ Նաև այս պարտքային բեռի նվազման վրա էական ազդեցություն է ունեցել դրամի ժամանակավոր արժևորումը, այսինքն՝ դոլարն ավելի էժան է դարձել, իսկ մեր ՀՆԱ-ն եթե դոլարի ես վերածում, ավելի շատացել է»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը։