Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է․ Արամ Մանուկյան (տեսանյութ)

«Էկոլոգներն իրավունք ունեն լինել ծայրահեղ, դա իրենց իրավունքն է, ես իրենց ընդունում եմ հենց էդպես, բայց դա չի նշանակում, որ բոլոր երկրները պետք իրենց պահեն միայն ու միայն էկոլոգների նման։ Էկոլոգները՝ էկոլոգներ, իշխանությունը՝ իշխանություն, որն ունի իր պրոբլեմները»։

Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Ամուլսարի շուրջ առաջացած խնդրի մասին հարցերին, ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նա ասաց, որ այս խնդրի վերաբերյալ ՀԱԿ-ի պաշտոնական դիրքորոշումը կհայտնեն կուսակցության վարչության նիստից հետո։ Այնուհետև Արամ Մանուկյանն ասաց, որ ինքը, մեկ ամիս առաջ, երբ Ցյուրիխում մասնակցում էր Լիբերալների համագումարին, դիտարկել է Ցյուրիխի կենտրոնով անցնող ամենամեծ գետերից մեկը, որտեղ ջրի խորությունը հինգ մետր թափանցիկ է, և որում տարբեր տեսակի ձկներ կան։

«Էկոլոոգիայի աստիճանը քաղաքակրթության աստիճանն է։ Բայց Հայաստանից արտագաղթում են նաև աշխատանք չունենալու, սոցիալական ծանր վիճակի համար։ Նույն Ջերմուկի մի մասը ուզում են, որ աշխատեն, ասում են՝ երեխա պիտի պահենք, նույնը Ալավերդիում էին ուզում, նույնը ատոմակայանն էր։ Հիմա չես կարող նույն Քաջարանն էլ, Ալավերդին էլ, Զոդն էլ փակես։ Պիտի հազար տակ կշռես, չափես, որոշես՝ ո՞րն է քիչ վնասակարը, քիչ կորստաբերը, քիչ հետևանք ունեցողը, և այս վիճակով ես վախենում եմ որոշում կայացնել»,- ասաց Արամ Մանուկյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ կարծիք ունի Արամ Մանուկյանը Ստամբուլյան կոնվենցիայի մասին։ Ի պատասխան՝ Արամ Մանուկյանն ասաց, որ ունենք բազմաթիվ պրոբլեմներ, բայց իր մոտեցումը հստակ է՝ Հայաստանն ունի շատ ավելի լուրջ մարտահրավերներ, շատ ավելի լուրջ խնդիրներ, որոնց պատասխանները հիմա պետք է տրվեն, քան Ստամբուլյան կոնվենցիան է։

Նա նշեց, որ դա սովորական և փոքր խնդիր է և տեղեկացրեց, որ կան բազմաթիվ կոնվենցիաներ, ընդհուպ՝ 1993 թվականից, որոնք մինչև հիմա չեն ստորագրել։

«Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է՝ սուբյեկտիվ բան եմ ասում, Ամուլսարն էլ, մնացածն էլ կարող է՝ կապված են Ղարաբաղի հետ։ Եթե քո գլխավոր մարտահրավերը լուծում ես՝ մնացածները լուծելը հեշտանում է։ Բայց եթե գլխավոր մարտահրավերի լուծումը կախված է դրսից ու դրսի մի քանի խաղացողներից, էդ խաղացողները միշտ քո վրա ազդելու հնարավորություն են ունենալու։ Լուծել է պետք այդ խնդիրը, դուրս գալ է պետք այս վիճակից։ Կլուծվի արտագաղթի հարցը, տնտեսական հեղափոխության հարցը, Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիայի հարցը»,- եզրափակեց Արամ Մանուկյանը։